«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

22 Սեպտեմբերի 2026, 19:05

Քաղաքականություն

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում պատգամավորներն անդրադարձել են նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին՝ այդ համատեքստում հայտնելով իրենց մտահոգությունները։

Զրուցակիցներն ընդգծել են Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը։