Ղեկավարները գալիս ու գնում են, իսկ մենք պետք է կանգնենք արցախցի ընտանիքների կողքին․Շանթ Չարչաֆյան

22 Սեպտեմբերի 2026, 22:57

Կարծիք | Քաղաքականություն

Մեր միջոցները շատ համեստ են, բայց պարտավոր ենք օգնել մեր հայրենակիցներին։ Այս մասին Alpha News-ի տաղավարում նշել է «Լորիկ» մարդասիրական հիմնադրամի ղեկավար Շանթ Չարչաֆյանն՝ անդրադառնալով արցախահայության բնակարանային ապահովմանն ուղղված իրենց ծրագրերին։

Խոսելով Սփյուռքի և մարդասիրական օգնությունների վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարարությունների մասին, որոնց համաձայն՝ Հայաստանը «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունի, հիմնադրամի ղեկավարը շեշտել է, որ դրանք լուրջ հարված են հասցրել Հայրենիք-Սփյուռք կապերին և բացասաբար անդրադարձել նվիրատվությունների ծավալի վրա։

«Ցավալի է, որ նսեմացվում են սփյուռքահայության տարիների աշխատանքն ու նվիրվածությունը։ Այդ հայտարարություններից անմիջապես հետո մարդիկ փոխեցին իրենց վերաբերմունքը։ Շատերն ասում են՝ «եթե Հայաստանի իշխանությունը չի ուզում մեզ հետ գործ ունենալ, մենք էլ ոչ մի լումա չենք ուղարկի»։

Իմ ամենամեծ ջանքն այժմ մարդկանց համոզելն է, որ նահատակված հերոսի ընտանիքը կամ կարիքավոր արցախցին մեղք չունեն այս ղեկավարության հայտարարությունների համար։ Ղեկավարները գալիս ու գնում են, իսկ մենք պետք է կանգնենք այդ ընտանիքների և նրանց երեխաների կողքին»,- նշել է Չարչաֆյանը։

Հիմնադրամի ղեկավարը մտահոգություն է հայտնել նաև բռնի տեղահանված արցախցիների նկատմամբ դրսևորվող խտրականության և ճնշումների վերաբերյալ։

«Այսօր արցախցիների հանդեպ ցավալի խտրականություն կա։ Անգամ երեխաներին արգելում են խոսել Արցախի բարբառով, անհեթեթ պիտակավորումներ են անում։ Արցախցիների նկատմամբ շինծու դատական գործեր են հարուցվում՝ ընդհուպ համացանցում գրված մեկ մեկնաբանության կամ քաղաքական դիրքորոշման համար»,-ընդգծել է Չարչաֆյանը։