HRW-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԿԽՄԿ-ի հասանելիությունը հայ գերիներին
23 Սեպտեմբերի 2026, 14:30
Ադրբեջանը պետք է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) կանոնավոր հասանելիություն տրամադրի հակամարտության հետ կապված կալանավորված անձանց, հայտարարել է Human Rights Watch-ի (HRW) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների խախտումներին։
Գոգիան նշել է, որ Ադրբեջանը պետք է նաև ապահովի բանտարկյալների կանոնավոր կապը ընտանիքների հետ, նամակներ և թույլատրելի ծանրոցներ ստանալու հնարավորությունը, անհրաժեշտ բժշկական օգնությունը, ինչպես նաև ամենօրյա բավարար բացօթյա ֆիզիկական ակտիվության հնարավորությունը։
HRW-ի ներկայացուցիչն անդրադարձել է Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային հասցեագրված ուղերձին։ Վարդանյանը հայտնել էր, որ Ումբակի բանտում պահվող որոշ անձինք չունեն ամենշաբաթյա հեռախոսազանգերի հնարավորություն, իսկ տեսազանգերից նրանցից ոչ մեկը չի կարող օգտվել։
Նա նաև տեղեկացրել էր, որ չի կարող բժշկական հետազոտություններ անցնել անգամ սեփական միջոցներով, օգտվել նոտարական ծառայություններից կամ իր բողոքների վերաբերյալ գրավոր պատասխաններ ստանալ։ Վարդանյանը նաև պնդել էր, որ բանտարկյալներին բացօթյա ֆիզիկական վարժությունների համար շաբաթական մեկ անգամ տրամադրվում է ընդամենը 20-40 րոպե՝ օրական մեկ ժամի փոխարեն։