Արթուր Ավանեսյանի խափանման միջոցը փոխվել է
23 Սեպտեմբերի 2026, 18:00
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, Ավանեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել վարչական հսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքով։
Հիշեցնենք՝ Արթուր Ավանեսյանը ձերբակալվել էր ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նա, ով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարն է, մեղադրվում է ընտրակաշառք առաջարկելու մեջ։
Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում։ Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում նա նաև հացադուլ էր հայտարարել, որը, սակայն, օրեր անց դադարեցրել էր։
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ավանեսյանը, իբր, խոստացել է ընտրություններում հաղթանակի դեպքում Արթուր Իսկանդարյանին պաշտոն՝ ՀՀ զինված ուժերում, իսկ Գեղամ Զաքարյանին՝ ապահովել աշխատանքով, տրամադրել հողամաս և տուն։
Ավանեսյանի պաշտպանական կողմը մեղադրանքը հերքում է՝ պնդելով, որ վերջինս ներկայացրել է նախընտրական ծրագիրը։
Գործով մեղադրյալի կարգավիճակում են նաև Գեղամ Զաքարյանն ու Արթուր Իսկանդարյանը։ Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ Իսկանդարյանի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։