Գրպանային դատարաններ, ոչ լեգիտիմ որոշումներ և հալածանք Եկեղեցու դեմ. Լևոն Քոչարյանը՝ Ստրասբուրգից

01 Հոկտեմբերի 2026, 21:30

Քաղաքականություն

Հանրային , որը երկրում մեծ ազդեցություն ունի, կորցրել է իր անկախությունը։ Այս մասին Ստրասբուրգում AlphaNews-ի սեփական թղթակցին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով մեդիայի ազատությանը և ընտրական գործընթացներին վերաբերող միջազգային զեկույցներին, ինչպես նաև Հայաստանում քաղաքական հետապնդումներին ու իշխանության և Եկեղեցու հարաբերություններին։

«Ցավոք, ունենք մի իրավիճակ, երբ Հանրային հեռուստատեսությունը ծառայում է զուտ որպես քարոզչական գործիք իշխանությունների ձեռքում։ Ընտրությունների վերաբերյալ հրապարակված զեկույցում նույնպես հստակ արձանագրված է Հանրային հեռուստատեսության կողմնակալ դիրքորոշումը՝ հօգուտ իշխանությունների։

Պետք է հետևողական լինենք, որպեսզի Հանրայինն իսկապես աշխատի հանրության, այլ ոչ թե տվյալ պահին իշխանության ղեկին գտնվող մարդկանց համար»,– նշել է Քոչարյանը։

Նա ընդգծել է, որ ԵԽԽՎ զեկույցում կարևոր արձանագրում կա նաև ընտրողական հետապնդումների մասին, ինչի վերաբերյալ ընդդիմությունը երկար ժամանակ բարձրաձայնում է։

«Քաղաքական զգայնություն ունեցող դեպքերում հետապնդումները հարուցվում են՝ կախված անձի քաղաքական հայացքներից։ Մի դեպքում, երբ հանցակազմ չկա, գործը «կարվում է», իսկ մյուս դեպքում, երբ անձն ասոցացված է իշխանության հետ, նույն մեղադրանքով հետապնդում չի հարուցվում»,– հավելել է նա։

Անդրադառնալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անկախությանը՝ պատգամավորը հիշեցրել է, որ ԿԸՀ նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։

«Իշխող քաղաքական ուժի հիմնադիր անդամին նման պաշտոնում ընտրելն ինքնին անընդունելի է։ Նույն խնդիրն առկա է նաև Սահմանադրական դատարանում և դատական համակարգում, որտեղ ՔՊ-ական նախկին պատգամավորներն ու ակտիվիստները դառնում են դատավորներ և քննում ընդդիմադիրների գործերը»,– նշել է Լևոն Քոչարյանը։

Պատգամավորի գնահատմամբ՝ զեկույցի ամենակարևոր կետերից մեկը վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասով երկու ընտրատեղամասերի արդյունքների չեղարկմանը, որտեղ նոր քվեարկություն չնշանակվեց։

«Զեկույցում նշվում է, որ վերաքվեարկություն չանելու պատճառաբանությունները խիստ մտահոգիչ էին և ոչ արդարացված։ Սրանով փոխվել է խորհրդարանի ընդհանուր պատկերը։ Եթե ԲՀԿ-ն հայտնվեր խորհրդարանում, ՔՊ-ն չէր ունենա 3/5 որակյալ մեծամասնություն, որն անհրաժեշտ է գլխավոր դատախազ, ԲԴԽ անդամներ ընտրելու և սահմանադրական օրենքներ ընդունելու համար։ Այս խախտմանը գնացին հենց այդ նպատակով։ Ուստի որոշումները, որոնք պահանջում են 3/5 ձայն, փաստացի ոչ լեգիտիմ են»։

Անդրադառնալով արտաքին ազդեցություններին՝ պատգամավորը նշել է, որ զեկույցում սլաքները հիմնականում ուղղված են Ռուսաստանի կողմը, ինչն, ըստ նրա, այնքան էլ ազնիվ չէ։

«Եթե խոսում ենք արտաքին միջամտության մասին, ապա ուղիղ և անվանական աջակցություն է եղել արևմտյան երկրների և ԱՄՆ-ի կողմից։ Արևմտյան գործիչների ուղիղ աջակցությունն ավելի մեծ ազդեցություն է ունեցել ՔՊ-ի ձայների վրա, քան Ռուսաստանից արված հայտարարությունները»։

Խոսելով Եկեղեցու դեմ իրականացվող քաղաքականության և Արցախի հարցի մասին՝ Լևոն Քոչարյանն ընդգծել է.

«Իշխանությունն անհանդուրժող է իրեն չենթարկվող որևէ կառույցի նկատմամբ։ Երեք հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդները բանտարկված են, Եկեղեցին ենթարկվում է հալածանքների։ Կառավարության ծրագրում Եկեղեցու «բարեփոխման» հարց մտցնելն աբսուրդ է և հակասում է Սահմանադրությանը, ինչը մենք բողոքարկելու ենք ՍԴ-ում։

Մյուս կողմից՝ իշխանությունների լռությունն արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ անհասկանալի է դրսի գործընկերների համար։ Այն դեպքում, երբ Ադրբեջանը մշտապես խոսում է իր քաղաքացիների՝ Հայաստան գալու մասին, մեր իշխանությունը լռում է արցախցիների անքակտելի իրավունքների մասին»։

Եզրափակելով՝ պատգամավորը նշել է, որ միջազգային հանրության կողմից կիրառվում են երկակի ստանդարտներ, և ընդդիմությունը շարունակելու է բարձրաձայնել այս ապօրինությունների մասին ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում։

Հիմա եթերում