Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տնտեսական համագործակցության հարցերը քննարկում են ուկրաինական հակամարտությունից առանձին․ Պավել Դուբրավսկի

06 Հոկտեմբերի 2026, 22:45

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, ամերիկագետ Պավել Դուբրավսկին Alpha News-ին մեկնաբանել է արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատժամիջոցների մասնակի թուլացման հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ։

«Այս պահին հնարավոր պայմանավորվածությունների մասին որևէ բան չկա, որը հրապարակայնորեն ներկայացված և, որ ամենակարևորն է, երկու կողմերի կողմից հաստատված լինի։ Ինչ վերաբերում է պատժամիջոցների հնարավոր մասնակի թուլացմանը, այստեղ, իհարկե, կան փաստարկներ՝ ենթադրելու, որ այդ հարցը քննարկվում է։

Եթե դիտարկենք Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների գլխավորած պատվիրակությունը, որը նախորդ անգամ մեկնել էր Մոսկվա, ապա կտեսնենք, որ դրա կազմում էր նաև Ջիմ Լենգը։ Նրան անվանում են «պատժամիջոցների արքա»․ նա ԱՄՆ ֆինանսների նախարարությունում պատասխանատու է ամերիկյան պատժամիջոցների մշակման և կիրառման, ինչպես նաև պատժամիջոցների քաղաքականության համակարգման համար, այդ թվում՝ ԵՄ-ի հետ։ Նա Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ ներկա չի եղել, սակայն եղել է պատվիրակության կազմում։ Հետևաբար, կարծում եմ՝ պատժամիջոցների հարցը, ամենայն հավանականությամբ, քննարկվել է», — հայտարարել է Դուբրավսկին։

Քաղաքագետի խոսքով՝ ՌԴ ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևի՝ այդ շփումներից հետո ԱՄՆ կատարած այցը վկայում է այն մասին, որ Մոսկվան փորձում է տարանջատել Վաշինգտոնի հետ տնտեսական համագործակցության և ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը։

«Ակնհայտ է, որ Կիրիլ Դմիտրիևը կապ է պահպանել ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ, որից հետո մեկնել է ԱՄՆ՝ տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու նպատակով։ Կարծում եմ՝ ռուսական կողմն այժմ փորձում է գործընթացն այնպես կառուցել, որպեսզի ռուս-ուկրաինական հակամարտության և ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության ուղղությունները տարանջատվեն։

Դա կարող է լինել զուգահեռ գործընթաց, որի շրջանակում տնտեսական համագործակցության ուղղությամբ փոխադարձ քայլերը կարող են նշանակել նաև Ռուսաստանի կողմից հնարավոր պատասխան քայլեր։ Սակայն Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ «Վալդայ» ակումբի նիստում հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է պայմանավորվել և քննարկել տարբեր հարցեր, սակայն դրա համար անհրաժեշտ են բանակցությունների կոնկրետ առարկա և այն որոշումների հստակ ցանկ, որոնք կողմերը պետք է քննարկեն», — նշել է փորձագետը։

Դուբրավսկին նաև ընդգծել է, որ պատժամիջոցների մեղմացման թեման իսկապես կրկին հայտնվել է բանակցությունների օրակարգում, սակայն առայժմ խոսքն ավելի շատ հնարավոր տարբերակների քննարկման, քան ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է։

«Այս հարցն իսկապես կրկին հայտնվել է օրակարգում և գտնվում է բանակցային խմբի քննարկման սեղանին։ Սակայն եթե իրավիճակին իրատեսորեն նայենք, առայժմ սա ավելի շատ քննարկման գործընթաց է թվում։

Քննարկվել են «Լուկօյլի» ակտիվներին առնչվող հարցեր, ինչպես նաև այլ թեմաներ, որոնք կարևոր են ԱՄՆ-ի համար՝ նավթի գների, բենզինի արժեքի և ընդհանուր տնտեսական իրավիճակի տեսանկյունից։

Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա ընտրությունների գործոնը, որոնք տեղի կունենան արդեն հաջորդ ամիս։ Հետևաբար, ես կասեի, որ այս օրակարգը պահպանվում է, սակայն այսօրվա դրությամբ մենք չունենք տվյալներ, որոնք կհաստատեին, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պատրաստ են կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել այս ուղղությամբ», — եզրափակել է Դուբրավսկին։

Հիմա եթերում