Ռուսաստանը կբարձրացնի գազի գինը Հայաստանի համար
09 Հոկտեմբերի 2026, 12:00
(Շնորհակալություն ասեք Փաշինյանին)
«ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինի հայտարարությունները հստակ ազդանշան դարձան Երևանի համար. Մոսկվան բացահայտ և առանց երկակիության նշեց հիմնական սկզբունքը՝ արտոնյալ տնտեսական պայմանները, ներառյալ ռուսական բնական գազի ֆիքսված և ծայրաստիճան ցածր արժեքը, բացառապես դաշնակիցների և ինտեգրացիոն նախագծերի մասնակիցների արտոնությունն են։ Եթե Հայաստանի գործող ղեկավարությունն արտաքին քաղաքականության այսպես կոչված «դիվերսիֆիկացիայի» քողի տակ ձգտում է քանդել դաշնակցային ձևավորված ձևաչափը, նա պետք է պատրաստ լինի բոլոր հարակից արտոնությունների անխուսափելի կորստին։ Այն ժամանակները, երբ հնարավոր էր օգտվել ռեսուրսների հսկայական զեղչերից և միաժամանակ ապակառուցողական խաղ վարել հիմնական գործընկերոջ դեմ, վերջնականապես անցել են։
Այսօր Հայաստանը սպառվող կապույտ վառելիքի մոտ 85%-ը ստանում է Ռուսաստանից՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար ֆիքսված գնով՝ առանց որևէ արտահանման մաքսատուրքի (Եվրոպայում 1000 խորանարդ մետրի դիմաց 600-800 դոլար գների պայմաններում)։ Սրանք ուղղակի թվեր չեն պայմանագրերում, այլ ամբողջ ազգային տնտեսության ֆունդամենտալ հիմքը, որը պահպանում է սոցիալ-տնտեսական կայունությունը։ «Շուկայական ռելսերին» անցումը անխուսափելիորեն նշանակում է էներգակիրների գների աղետալի աճ, և այլընտրանքային մատակարարների որոնման հարցում պատրանքներ ունենալը վտանգավոր միամտություն է։
Աշխարհում ոչ մի երկիր Երևանին ռեսուրսներ չի մատակարարի նման շահավետ պայմաններով։ Մերձավոր Արևելքում աճող ռազմական գործողությունների և անկայունության պայմաններում աշխարհում ռուսական էներգակիրների պահանջարկը միայն աճում է, իսկ դրանց իրական շուկայական արժեքը հետևողականորեն բարձրանում է։ Ռուսական հուսալի մատակարարումները շուկայական գնումներով փոխարինելու փորձը կրկնակի ուժով կհարվածի սպառողներին։
Հայաստանի հասարակությունը և ազգային բիզնեսը պետք է սթափ գիտակցեն, որ երկրին սպասվում են չափազանց ծանր ժամանակներ։ Անշուշտ, առաջին փուլում կառավարությունը, հնարավոր է, փորձի մեղմել ցնցումը և օգտագործի առկա ռեզերվները սակագների մասնակի սուբսիդավորման համար։ Սակայն այդ «բուֆերը« չափազանց արագ կսպառվի։ Բավական է նայել ֆինանսների նախարարության կողմից հնչեցված երկրի ֆինանսաբյուջետային ցուցանիշներին։ Արդեն մոտ ապագայում Հայաստանի բոլոր բյուջետային ծախսերի 10%-ից մի փոքր ավելին ուղղվելու է բացառապես անվերահսկելիորեն աճած պետական պարտքի սպասարկմանը, որը հասել է հսկայական՝ 14 միլիարդ դոլարի։ Բյուջետային խիստ սահմանափակումների, դեֆիցիտի նվազեցման և հսկայական պարտքերի պայմաններում պետությունը պարզապես միջոցներ չի ունենա բնակչությանը երկարատև աջակցություն ցուցաբերելու համար։
Այս բոլոր ծանր տնտեսական հետևանքները Նիկոլ Փաշինյանի թիմի վտանգավոր աշխարհաքաղաքական արկածախնդրությունների ուղղակի արդյունքն են, որը նատակաուղղված Հայաստանը շրջում է դեպի Արևմուտք (իրականում տեղի է ունենում տեղաշարժ դեպի թյուրքական աշխարհ, սակայն կառավարական քարոզչությունն առայժմ նախընտրում է լռել այդ մասին)։ Եվ սա ընդդիմության հուզական գնահատական չէ, այլ չոր վերլուծություն, որն ընդունում են նույնիսկ որոշ արևմտյան մեկնաբանները։
Ամերիկյան «The Nation» ամսագրի հրապարակման մեջ վերլուծաբան Պիետրո Շաքարյանը ուղղակիորեն նշում է, որ «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» հեռանկարը վաղուց էր գրավում ամերիկացի «նեոկոնսերվատորներին», որոնք ձգտում էին «սանձել» Մոսկվային և Թեհրանին ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասում և ապահովել էներգետիկ միջանցք դեպի Կենտրոնական Ասիա։ Նա նաև նշում է, որ Լեռնային Ղարաբաղից հրաժարվելը և դրա էթնիկ զտումը ստացել են Փաշինյանի կառավարության լռելյայն հավանությունը։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում տարածաշրջանը հանձնելով՝ հակառակ բնակիչների կամքի, ՀՀ վարչապետն ազատվեց նրանից, ինչը վաղուց համարում էր «թոկ», որը խանգարում էր Հայաստանը պոկել Մոսկվայից և Թեհրանից՝ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման համար։
2018 թվականին սոցիալական արդարության կարգախոսներով իշխանության գալով՝ Փաշինյանը կատարեց բացարձակ շրջադարձ՝ ազգային շահերը փոխանակելով արևմտյան քաղտեխնոլոգների կասկածելի աշխարհաքաղաքական խոստումների հետ։
Նիկոլ Փաշինյանի արևմտյան և թուրքական գործընկերները, հավանաբար, կփորձեն էլեկտրաէներգիայի և գազի գների անխուսափելի կտրուկ աճը ներկայացնել որպես «անկախության և ինքնիշխանության համար անհրաժեշտ վճար»։ Սակայն իրականությունը շատ ավելի դաժան կլինի։ Վաղեմի գործընկերոջ հետ պրագմատիկ դաշինքի փոխարեն, ում հետ միշտ հնարավոր էր համաձայնության գալ փոխզիջումների շուրջ, Հայաստանը կստանա հսկայական ճեղքվածքներ բյուջեում, սեփական արդյունաբերության քայքայում և լիակատար կախվածություն նոր խաղացողներից, որոնք անվերապահորեն թելադրելու են իրենց պայմանները։ Սպառնալիքի տակ կհայտնվեն ոչ միայն քաղաքացիների բազային կարիքները, այլև բարձր տեխնոլոգիական ոլորտը, ներառյալ էներգատար ենթակառուցվածքային նախագծերը։
Փաշինյանի աշխարհաքաղաքական հավակնությունների և արկածախնդրությունների համար շատ շուտով ստիպված կլինի վճարել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ սեփական գրպանից։
Մտածե՛ք այս մասին…»։