Օգտագործված է քրեական իրավունքին ոչ բնորոշ տերմինաբանություն. Արամ Օրբելյան
22 Հոկտեմբերի 2026, 19:51
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ միջնորդության վերաբերյալ հարցուպատասխանի փուլն է, և բավականին շատ հարցեր կան։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով ներկայացված մեղադրանքի բովանդակությանը։
Փաստաբանի պնդմամբ՝ մեղադրանքում տեղ գտած ձևակերպումները հեռու են քրեաիրավական տրամաբանությունից։
«Օգտագործված է քրեական իրավունքին ոչ բնորոշ տերմինաբանություն։ Օրինակ՝ «փոխկապակցված անձ» ձևակերպումը, որը շատ ավելի բնորոշ է մրցակցային, հարկային և այլ ոլորտների օրենսդրությանը։ Քրեական իրավունքում այն չափազանց լայն է և կարող է ամեն ինչ ընդգրկել։ Կան բավականին ընդհանրական ձևակերպումներ, որոնցից պարզ չէ, թե կոնկրետ նախագահի գործողությունների որ մասին է խոսքը»,-նշել է նա։
Արամ Օրբելյանի խոսքով՝ մեղադրանքի տեքստից կարելի է ենթադրել, որ այն վերաբերում է նախագահի կողմից որոշակի որոշումների վավերացման գործընթացին։ Փաստաբանը նաև ներկայացրել է այդ ժամանակահատվածում գործող իրավական կարգավորումներն ու նախագահի լիազորությունները։
«Վավերացման հետ կապված մենք բազմիցս արձանագրել ենք, որ նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության ընդունած որոշումները։ 1995 թվականի Սահմանադրությամբ Կառավարության որոշումներն ընդունվում էին Կառավարության կազմով, ստորագրվում վարչապետի կողմից, սակայն ուղարկվում էին վավերացման։ Նախագահը վավերացնում և հրապարակում էր դրանք։ Վավերացումն ինքնին չէր ենթադրում որևէ կերպ հաստատում, համաձայնություն կամ բովանդակային գործընթաց»,- ընդգծել է Արամ Օրբելյանը։