Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնողը մենք ենք եղել, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ․ Ալիև
27 Հոկտեմբերի 2026, 11:30
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միջմշակութային երկխոսության VII համաշխարհային ֆորումի բացմանը հայտարարել է, որ իրենք են հանդես եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չեն ցանկացել հավերժական պատերազմ և վրեժխնդրության չեն ձգտել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք Հայաստանին խաղաղություն առաջարկեցինք, և սա աննախադեպ դեպք է։ Պատերազմների պատմության մեջ չենք գտնի օրինակ, երբ երկրները խաղաղության են հասել վերջին արյունալի բախումից երկու տարուց էլ պակաս ժամանակ անց։ Անցյալ տարվա ամռանը խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց։
Հենց մենք ենք հանդես եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և վրեժխնդրության չէինք ձգտում։ Թեև, կարծում եմ, անհրաժեշտ է հաշվի առնել նաև զգացմունքները։ Ես միշտ ասում եմ, որ մենք վրեժխնդիր եղանք մարտի դաշտում և չպետք է դրանից այն կողմ անցնենք։ Հակառակ դեպքում պատերազմն անվերջ կլինի»,- հավելել է նա։