Ադրբեջանը ձեզ է «գցել», դուք՝ մեր հայրենակիցներին․ Վարդևանյանը՝ ՔՊ-ին

29 Հոկտեմբերի 2026, 16:33

Քաղաքականություն

Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում և այսօր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից պարզ դարձավ, որ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման միակ խոչընդոտը չէ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

«Ստացվում է՝ Ադրբեջանը նույնիսկ այդ պայմաններում պատրաստ չէ խաղաղության պայմագրի ստորագրման։ Երբ Փաշինյանն ասում է, թե դեռ փորձելու են երաշխիքներ ստանալ, որ այլ պահանջներ չեն լինելու, դա նշանակում է, որ այդ երաշխիքներն այս պահին չկան»,- ընդգծել է Վարդևանյանը։

Անդրադառնալով իշխանության քաղաքականությանը՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաճախ հակասում է ինքն իրեն։

«Մենք ասում ենք, որ Ադրբեջանը հերթական անգամ ձեզ «գցել» է, նույն հաջողությամբ էլ դուք եք «գցել» մեր հայրենակիցներին։ Երբ ասում են «տեր կանգնեք խաղաղությանը», ուրեմն այդ խաղաղությունը պետք է իրականում լինի։ Բայց ստացվում է՝ այն չկա։ Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ նման բեռնափոխադրում չկա։ Իշխանությունները պարզապես օգտագործում են քաղաքական հնարքներ»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը։

Հիմա եթերում