Հայկական արմատներով դիրիժոր Դոմինգո Հինդոյանի առաջին թատերաշրջանը՝ Լոս Անջելեսի օպերայում

30 Հոկտեմբերի 2026, 16:50

Հայեր | Մշակույթ

Հայտնի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը պաշտոնապես սկսել է իր առաջին թատերաշրջանը՝ որպես Լոս Անջելեսի օպերայի (LA Opera) նոր երաժշտական ղեկավար։

Նրա ղեկավարությամբ կայացել է Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան՝ Թադեուս Ստրասբերգերի նոր բեմադրությամբ։ Ներկայացմամբ մեկնարկել է 2026/27 թատերաշրջանը, ինչպես նաև սկիզբ է դրվել Հինդոյանի հետ կնքված հնգամյա պայմանագրի իրականացմանը։

Շքեղ պրեմիերայից կարճ ժամանակ անց Լոս Անջելեսի օպերան հրապարակել է հատուկ տեսաուղերձ, որում մաեստրոն շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին ջերմ ընդունելության համար և իր հիացմունքն արտահայտել արտիստների, երգչախմբի ու նվագախմբի հետ համագործակցության առիթով։

Թատերաշրջանի բացմանը ներկա են եղել բազմաթիվ հայտնի հյուրեր, որոնց թվում՝ Ջենիֆեր Լոպեսը։ Երեկոյի պատվավոր հյուրն է եղել դիրիժորի կինը՝ օպերային հայտնի երգչուհի Սոնյա Յոնչևան։

Լոս Անջելեսի առանցքային քաղաքական գործիչներից մեկը՝ ամերիկացի պետական գործիչ Հիլդա Սոլիսը, անձամբ հանդիպել է մաեստրոյին՝ ընդգծելով, որ նա Լոս Անջելեսի շրջանին բերում է իր հարուստ փորձն ու սերը երաժշտության հանդեպ, իսկ նրա վենեսուելական և հայկական արմատները նրան տալիս են մշակութային յուրահատուկ հայացք։

Դոմինգո Հինդոյանը ծնվել է Վենեսուելայում։ Նրա հայրը՝ Դոմինգո Գարսիան, ջութակահար է, եղել է Վենեսուելայի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն ու նախագահը։ Մայրը՝ Վիկի Հինդոյանը, սիրիահայ է, ծնվել է Հալեպում և աշխատել որպես իրավաբան Վենեսուելայի Ազգային ժողովում։

Հիմա եթերում