Պետք է վերանորոգենք ՀՀ-ի և Թուրքիայի միջև երկաթուղին և բացենք սահմանները․ Փաշինյան
12 Նոյեմբերի 2026, 13:40
Անթալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական «TRT World» հեռուստաալիքի լրագրող Քյուբրա Աքքոչի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային փոխկապակցվածությանը։
Խոսելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման ներկա փուլի մասին՝ Փաշինյանը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ դրական հանդիպում է ունեցել։
«Այսօր մենք շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ, և մեր միջև շատ դրական երկխոսություն է ընթանում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է նա։
Անդրադառնալով երկու երկրների միջև գործընկերության և տարածաշրջանային կապերի զարգացման կարևորությանը՝ Փաշինյանն ընդգծել է երկաթուղային հաղորդակցության վերականգնման և սահմանների բացման անհրաժեշտությունը։
«Այո՛, իհարկե։ Այժմ մենք պետք է վերանորոգենք մեր երկրների միջև երկաթուղին և բացենք սահմանները, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է վարչապետը։