Մեր նպատակն է ճեղքել լռությունը. վիրահայերը` ի պաշտպանություն Արցախի

01 Սեպտեմբերի 2023, 22:07

Քաղաքականություն

Վաղը վիրահայերը Հավլաբարում գտնվող Սբ. Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում հանրահավաք են կազմակերպելու` ի սատար Արցախի։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը։

«Մենք ակտիվորեն փորձում ենք տարածել տեղեկությունը, թե ինչ վիճակում են Արցախն ու արրցախահայությունը։ Ինֆորմացիան փորձում ենք հասցնել վիրահայերին, դա դժվար է, որովհետև որևէ տեղեկություն այդ մասին վրացական լրատվամիջոցներում չի շրջանառվում։ Մենք փորձում ենք այդ իրականությունը ինչ-որ ձևով հասցնել այստեղի հայ համայնքին։

Վաղը մենք հավաք ենք անցկացնելու հենց հայաբնակ թաղամասում գտնվող Սբ. Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում։ Ապագայում պլանավորվում են նաև նստացույցեր։ Մեր պահանջն այն է՝ ինչ-որ ձևով ճեղքենք լռությունը ու վրաց հասարակությանը վերջապես հասկացնենք՝ ինչ է կատարվում իր հարևանությամբ գտնվող տարածքում։ Այդ թեման կարծես տաբու լինի այստեղ»,- ասել է Միրզոյանը։

«Արցախի մեր եղբայրներին ես ինչ-որ բան չեմ կարող մաղթել։ Ես շնորհակալ եմ իրենց։ Արցախցիները անկոտրում ուժ ունեն, ու համոզված եմ, որ հաղթելու ենք այս պայքարում» ,- եզրափակել է Միրզոյանը։