Ո՞ւր դիմել, եթե մարդը, որի որոշումից կախված է մի ամբողջ ժողովուրդ, հոգեկան որոշակի խնդիր ունի. Լևոն Քոչարյան

18 Նոյեմբերի 2026, 21:16

Քաղաքականություն

Մարդ պետք է քրեակատարողական հիմնարկո՞ւմ հայտնվի, որ օգնություն ստանա։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Պատգամավորը հետաքրքրվել է՝ արդյոք նախարարության ենթակայությամբ գործում է համապատասխան մարմին, որին կարելի է դիմել, եթե բարձրաստիճան պաշտոնյայի մոտ հոգեկան առողջության հետ կապված հնարավոր խնդիրներ են նկատվում։

«Խնդրում եմ՝ ասեք՝ ձեր ղեկավարած կառույցում կա՞ մարմին, որին կարելի է դիմել, եթե տեսնում ես, որ ինչ-որ մարդու հետ կապված առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան։ Կա՞ հնարավորություն դիմելու, որպեսզի այդ անձին, անհրաժեշտության դեպքում, նաև հարկադրաբար ենթարկեն փորձաքննության, հետազոտություն իրականացնեն և համապատասխան եզրակացություն տան՝ հատկապես այն դեպքերում, երբ այդ մարդու գործունեությունից կախված է մի ամբողջ ժողովուրդ»,- հարցրել է Քոչարյանը։

Ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը հայտարարել է. «Պարոն Քոչարյան, մեզ մոտ բոլոր ծառայությունները շատ լավ աշխատում են, և քրեակատարողական ծառայությունում էլ մատուցվում են բոլոր անհրաժեշտ ծառայությունները»։

Արձագանքելով նախարարի խոսքին՝ Լևոն Քոչարյանը նկատել է, որ իր հարցն այդպես էլ անպատասխան մնաց։

«Տիկին Ավանեսյան, դուք իմ հարցին կարծես չպատասխանեցիք։ Այսինքն՝ ճի՞շտ եմ հասկանում, որ տվյալ անձը պետք է հայտնվի քրեակատարողական հիմնարկում, որպեսզի հետո նոր այդ ծառայությունը մատուցվի։ Իմ հարցն ընդհանրապես ուրիշ բանի մասին էր։ Եթե առերևույթ երևում է, որ մարդն իսկապես խնդիր ունի, ի՞նչ կարելի է անել։ Ձեր կառույցն ինչո՞վ կարող է օգնել, որպեսզի նման անձը, շատ պատասխանատու պաշտոն զբաղեցնելով հանդերձ, ստանա համապատասխան բժշկական օգնություն»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։