Հայաստանը և Ռուսաստանը պետք է հստակեցնեն երկկողմ հարաբերությունների ապագան. Ասլան Ռուբաև

24 Նոյեմբերի 2026, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք երեք այցերը։ Փորձագետի կարծիքով՝ այցերի նման ինտենսիվ գրաֆիկը վկայում է հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում կուտակված խնդիրների և Մոսկվայի ու Երևանի միջև համակարգված երկխոսության անհրաժեշտության մասին։

«Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին հայտարարությունն, ընդ որում՝ ոչ թե մեկ, այլ միանգամից երեք այցի, զուտ արարողակարգային ձևականություն չէ։ Դա վկայում է այն մասին, որ ամենաբարձր մակարդակում որոշակի խնդիրներ են կուտակվել, և երկխոսության հրատապ անհրաժեշտություն կա։ Վերջին տարիների համար նման ձևաչափն աննախադեպ է։

Տեսնում ենք, որ Երևանում գիտակցում են՝ բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պահանջում են ոչ թե մեկանգամյա հանդիպումներ, այլ համակարգված բանակցություններ։ Ավելին՝ այցերի նման ժամանակացույցը հստակ ազդակ է, որ երկու կողմերն էլ, չնայած հանրային հարթակում հնչող ոչ այնքան բարեկամական հռետորաբանությանը, անհրաժեշտ են համարում պահպանել դիվանագիտական հաղորդակցության ուղին։ Հավանաբար, թե՛ Երևանը, թե՛ Մոսկվան, այնուամենայնիվ, կարևորում են երկկողմ հարաբերությունները»,- ասել է Ռուբաևը։

Հիմա եթերում