Պուտին-Փաշինյան բանակցությունների օրակարգում կլինեն երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը. Քրիստինա Երմակ
24 Նոյեմբերի 2026, 22:30
Միջազգային հարցերով փորձագետ Քրիստինա Երմակը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերին Ռուսաստան կատարելիք առաջիկա այցերը։
Փորձագետի խոսքով՝ նախատեսվող այցերի բարձր հաճախականությունը պայմանավորված է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություններով, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ԱՊՀ-ի շրջանակում Ռուսաստանի հետ հետագա տնտեսական և քաղաքական համագործակցությունը քննարկելու անհրաժեշտությամբ։
«Հայտարարվել է, որ դեկտեմբերին Փաշինյանը երեք այց է կատարելու Ռուսաստան։ Դրանց շրջանակում նախատեսվում են Ռուսաստանի նախագահի հետ նեղ կազմով բանակցություններ, ինչպես նաև մասնակցություն ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակում անցկացվող մի շարք հանդիպումների։
Իմ կարծիքով՝ այցերի նման ինտենսիվությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Առաջինն այն է, որ ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումներից մեկ տարի է անցել։ Եթե անցյալ տարվա դեկտեմբերին տեսնում էինք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առանձին ուղղություններ հայտարարություններից աստիճանաբար անցնում են գործնական քայլերի փուլ, ապա այսօր ականատես ենք, թե ինչպես են այդ ուղղությունները հաստատուն կերպով ամրագրվել երկրի արտաքին քաղաքական կուրսում։ Առաջին հերթին նկատի ունեմ եվրաինտեգրման ուղեգիծն ու Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը»,-ասել է փորձագետը։
Քրիստինա Երմակի խոսքով՝ Մոսկվայի և Երևանի բանակցությունների օրակարգը բավական լայն է լինելու և ներառելու է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարցեր։
«Բանակցությունների երկրորդ կարևոր ուղղությունը լինելու է ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունը և, մասնավորապես, Ռուսաստանի հետ փոխգործակցությունը։ Այստեղ քննարկվող հարցերի շրջանակը շարունակում է բավական լայն մնալ, այդ թվում՝ համագործակցության հնարավոր ձևաչափերի առումով։
Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումները շարունակվում են, իսկ Երևանի և Եվրամիության հետագա մերձեցման ֆոնին բաց է մնում ԵԱՏՄ-ին անդամակցության և այդ միության շրջանակում համագործակցության ձևաչափերի հարցը։
Հետևաբար, կարծում եմ, որ թե՛ նեղ, թե՛ ընդլայնված կազմով հանդիպումների օրակարգը բավական ընդգրկուն է լինելու և ներառելու է տնտեսական հարցեր, այդ թվում՝ Հարավկովկասյան երկաթուղու հարցը, ինչպես նաև քաղաքական խնդիրներ»,– նշել է Երմակը։