Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել. հարուցվել է քրեական գործ

26 Նոյեմբերի 2026, 16:30

Հասարակություն

Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում գրանցված մահվան երկու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված քաղաքացու դիմումը։ Ահազանգի համաձայն՝ հաստատության բժիշկները երեք օր շարունակ պարբերաբար տեղեկացրել են տնօրինությանը հինգ շահառուի ծանր առողջական վիճակի մասին, սակայն վերջիններս բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն երրորդ օրը։ Հոսպիտալացումից հետո նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել։

Դատախազության իրականացրած ստուգման արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 8-ին «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել հաստատության շահառուներ 24-ամյա Ա.Մ.-ն և 35-ամյա Հ.Վ.-ն։ Բուժհաստատությունում նույն օրը արձանագրվել է Ա.Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ.Վ.-ի կենսաբանական մահը։

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն։