Փաշինյանը վախենում է, որ ընտրությունների դեպքում արցախցիները իր օգտին չեն քվեարկի. Հարութ Սասունյանը` Փաշինյանի որոշման մասին

26 Հոկտեմբերի 2023, 22:40

Քաղաքականություն

Արցախցիներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալով՝ Փաշինյանը այլ նպատակներ է հետապնդում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց California Courier թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը։

«Փաշինյանը արտառոց և զարմանալի հայտարարություն արեց Արցախից բռնի տեղահանվածների մասին։ Նախ, ասաց, որ արցախցիներին տալու ենք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, և ընդգծեց, որ այդ կերպ մենք կարող ենք մեր արցախցի բարեկամներին թե՛ ներքին աշխարհի, թե՛ արտաքին աշխարհի միջոցով օգնություն հասցնել։ Երկրորդ, բանը, որ շատ արտառոց էր, այն էր, որ նշեց, թե Հայաստան եկած արցախցիները դիմելու դեպքում կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Սա զարմանալի հայտարարություն է, քանի որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ են, ինչպե՞ս կարելի է նրանց ասել եկեք երկրորդ անգամ քաղաքացիություն ստացեք։ Ըստ իս, այս հայտարարությունը ունի այլ նպատակ։ Արցախցիները Հայաստանի իշխանությունից և հատկապես, Փաշինյանից, դժգոհ են, և նա վախենում է, որ ընտրությունների դեպքում արցախցիները չեն քվեարկի իր և իր կուսակցության օգտին։ Այդ պարագայում նա կարող է ասել՝ դուք քաղաքացի չեք և իրավունք չունեք քվեարկելու։ Փաշինյանի ամբողջ նպատակը սա է»,- ասել է Սասունյանը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանը հերթական անգամ ապացուցում է, որ չի կարողանում երկիր կառավարել և կարևոր որոշումներ ընդունել։

«Փաշինյանը որպես վարչապետ, պարտավոր էր բռնի տեղահանված արցախցիների համար նախապատրաստություն տեսնել, որ կարողանար նրանց թե՛ տնով ապահովել, թե՛ գործով և սննդով։ Բայց, այս մարդիկ եկան ու տեսանք, որ ոչինչ արված չէ։ Նրանց մի մասը ապրում է մեքենաներում, մի մասը մարզադահլիճներում և այսպես շարունակ։ Փաշինյանը հերթական անգամ ցույց տվեց, որ չի կարողանում երկիր կառավարել և կարևոր որոշումներ ընդունել»,- եզրափակել է Սասունյանը։

Հիմա եթերում