Մոսկվայում կկայանա Գեորգի Դոլմազյանի «Փիրոսմանի. Մենության տոն» ներկայացումը
05 Նոյեմբերի 2023, 21:00
«Մոսկվայի բաց ուսանողական թատրոնում» տեղի կունենա «Փիրոսմանի. Մենության տոն» ներկայացումը։ Ներկայացումը ստեղծվել է «Մոսկվայի բաց ուսանողական թատրոնի» և Yandex-ի համագործակցությամբ։ Նախօրեին տեղի է ունեցել մամուլի ասուլիս և ներկայացման ցուցադրությունը։
Ռեժիսոր Գեորգի Դոլմազյանը ներկայացրել է խորհրդային դրամատուրգ Վադիմ Կորոստիլևի պիեսի բեմադրությունը վրացի նկարիչ Նիկո Փիրոսմանիի վերջին օրերի մասին, որը ամբողջ կյանքում աղքատ ու դժբախտ էր: Գեորգի Դոլմազյանի բեմադրությունն անսովոր է նրանով, որ դեկորացիաներն ու տարազները ստեղծել է նեյրոցանցը՝ հիմնվելով Նիկո Փիրոսմանիի ամենահայտնի նկարների վրա:
Ներկայացման տրամադրության ներկապնակ են ստեղծում արհեստական ինտելեկտի կողմից վերաիմաստավորված Փիրոսմանիի հայտնի կտավները՝ «Դերասանուհի Մարգարիտա», «Գնդակով աղջիկը», «Խրախճանք», «Կարմիր վերնաշապիկով ձկնորսը» և այլն:
Նեյրոցանցը նաև ստեղծել է բնանկարներ և դիմանկարներ՝ ոճավորելով տարբեր դարաշրջանների մեծագույն վարպետների՝ Վալենտին Սերովի, Կուզմա Պետրով-Վոդկինի, Յան Վերմեերի և Լեոնարդո դա Վինչիի գեղանկարչության գլուխգործոցները։