Համայն Ռուսիո Պատրիարքը շնորհավորել է ՀԱԵ-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ
08 Հունվարի 2024, 00:33
Համայն Ռուսիո Պատրիարքը շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցուն Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առթիվ, որոնք միաժամանակ նշվում են հունվարի 6-ին։ Այս մասին հայտնում է Ռուս ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայությունը։
Բացի այդ, պատրիարք Կիրիլը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորել է Հին Արևելյան եկեղեցիների առաջնորդներին, որոնք այս տոնը նշում են հունվարի 7-ին ։
Մասնավորապես, շնորհավորական ուղերձներ են հղվել Ղպտի եկեղեցու պատրիարք Թավադրոս Երկրորդին, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, Եթովպիայի պատրիարք Աբունա Մաթիասին։
«Պատմության ներկա դժվարին ժամանակաշրջանում մեր ընդհանուր պարտքն է դիմակայել պառակտումներին և ջերմեռանդ աղոթել Փրկչին երկրի ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու համար՝ Քրիստոսի անունը փառաբանող բարի գործերի կատարմամբ»,- վստահություն է հայտնել պատրիարք Կիրիլը՝ Հին Արևելյան եկեղեցիների ղեկավարներին մաղթելով ուժ և Աստծո առատ օգնությունը նրանց հետագա բարձր ծառայության մեջ։