ԵՄ երկրները պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին, որը Երևանին զինտեխնիկա է տրամադրում. Նատալի Լուազո

28 Փետրվարի 2024, 14:21

Քաղաքականություն

Եվրախորհրդարանի անդամները սատարում են Երևանի ջանքերը՝ շարունակելու Բաքվի հետ երկկողմ ու բազմակողմ քննարկումները՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար, և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ավարտին հասցնել խաղաղության գործընթացը, սակայն պարզապես բանակցելը բավարար չէ: Այս մասին, dw.com-ի փոխանցմամբ, ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն։ 

«Բանակցությունները շարունակվում են, բայց գնալով ձգձգվում են: Մենք պետք է մեկընդմիշտ համոզենք Բաքվին և Մոսկվային հարգել ժողովրդավարությունը և հույսը մեզ վրա դրած հայ ժողովրդին»,- ասել է պատգամավորը:

Նրա կարծիքով՝ ԵՄ երկրները պետք է հետևեն իր հայրենի Ֆրանսիայի օրինակին, որը պատրաստում է հայ զինվորներին և Երևանին տրամադրում զինտեխնիկա։

«Բաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում, և եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք դաժանորեն կվերաբերվենք դրան», — ասել է իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։