Ես տեսել եմ Ռուսաստանի մասնատված քարտեզը. Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան
31 Մայիսի 2023, 13:30
«Ամերիկան ցանկանում է շրջափակել Ռուսաստանը: Փորձում է այնպես անել, որ այնտեղ գան դեմոկրատական ուժեր: Նրանք ունեն նաև Ռուսաստանը մասնատելու ծրագիր», — ասում է՝ քաղաքական վերլուծաբան, 2001-2002թթ. Մեծ Բրիտանիայում Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Աբաջյանը:
Նրա խոսքով ԱՄՆ կոնգրեսի ներքո նաև այդպիսի Կոմիտե կա, որն անցկացնում է բանախոսություններ ու քննարկումներ այդպիսի հարցերի շուրջ:
«Բացեիբաց ցույց են տվել Ռուսաստանի մասնատված քարտեզը»,- ընդգծում է Աբաջյանը:
Դիվանագետի խոսքով՝ դա ԱՄՆ-ի «ռեալ պոլիտիկն» է, որին ինքը քննադատաբար չի մոտենում:
Մեծ Բրիտանիայում նախկին Արտակարգ և լիազոր դեսպանի խոսքով, ինքը տարակուսում է, երբ լսում է, թե ինչպես են հայ քաղաքագետներն ու վերլուծաբանները Արևմուտքին դիմելու կոչեր անում:
«Չէ՞ որ նրանց քաղաքականությունը միանգամայն հակասում է Հայաստանի շահերին, այնպես ինչպես մենք ենք հասկանում այդ շահերը».բացատրում է նախկին դեսպանը:
Արցախյան խնդրի շուրջ աշխարհի մոտեցումն ըստ Աբաջյանի պարզ է: Թե՛ արևմտյան, թե՛ արևելյան բևեռը խաղադրույքը կատարել են Թուրքիայի և Ադրբեջանի օգտին:
«Թեպետ անիրատեսական է թվում, բայց Ռուսաստանը ցանկանում է Թուրքիային պոկել ՆԱՏՕ-ից»,- նկատում է Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպանը:
Նրա խոսքով՝ միայն համաժողովրդական շարժումը կարող է կանգնեցնել աղետալի զարգացումները: