Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Ֆրեզնոյի «Արարատ Մասիս» գերեզմանատան հրկիզումը
16 Ապրիլի 2024, 10:30
ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբն իր վրդովմունքն է հայտնել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի «Արարատ Մասիս» հայկական գերեզմանատան հրկիզման կապակցությամբ:
1885 թվականին հիմնադրված Ֆրեզնոյի գերեզմանատունը Միացյալ Նահանգների ամենահին հայկական գերեզմանատնն է։ Այնտեղ թաղված են հայ նշանավոր հերոսներ և հասարակական գործիչներ՝ Սողոմոն Թեհլերյանը, Վիկտոր Մաղաքյանը, Վիլյամ Սարոյանը և այլք։
Գերեզմանատան ղեկավարության խոսքով՝ շաբաթ օրը առավոտյան ժամը 3-ին հրկիզվել է մոտ ութ ծառ։ Սա թվով 6-րդ նման միջադեպն է 2024 թվականի սկզբից ի վեր։ Ընդհանուր առմամբ, գերեզմանատանը ոչնչացվել է ավելի քան 19 ծառ, ինչը վկայում է այն մասին, որ այդ միջադեպերը պոտենցիալ հանցագործություններ են, որոնք կատարվում են հայերի նկատմամբ ատելության հողի վրա։
Հրկիզումը տեղի է ունեցել գերեզմանատան նոր հատվածում նախատեսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությունից և Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ դրոշի բարձրացումից 11 օր առաջ:
«Հայկական գերեզմանատան վրա այս հրեշավոր հարձակումները հստակ վկայում են այն մասին, որ հակահայկական տրամադրությունները անթաքույց սպառնալիք են ներկայացնում հասարակական անվտանգության համար, հատկապես Ֆրեզնոյի հայ-ամերիկյան համայնքում», — հայտարարել է Հայ Դատի հանձնախմբի տնօրենների խորհրդի նախագահ Օշին Հարությունյանը:
«Տեղական իշխանությունները պետք է հետաքննեն 2024 թվականի սկզբից ի վեր տեղի ունեցած 6 միջադեպերը և ապահովեն այդ հանցագործությունների արդյունավետ կասեցումը, հանցագործներին պատասխանատվության ենթարկելը և պատճառված վնասի դիմաց հայ-ամերիկյան համայնքին փոխհատուցելը»:
«Կենտրոնական Կալիֆոռնիայի Հայ Դատի հանձնախմբի անդամները սերտորեն համագործակցում են «Արարատ Մասիս» հայկական գերեզմանատան ղեկավարության և տեղի իշխանությունների հետ, որպեսզի բացահայտեն հրկիզումների շարքի պատճառը ևապահովեն Ֆրեզնոյի մեր համայնքի անվտանգությունը», — հայտնել է Կենտրոնական Կալիֆոռնիայում հանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Չեքերդեմյանը:
«Հայ համայնքն ակնկալում է տեղի իշխանություններից և ոստիկանության վարչությունից ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու հետագա հրկիզումները այս սուրբ գերեզմանատանը», — հավելել է նա: