Տավուշով մեկնարկում է հանձնման, մեծ կորուստների հերթական շրջափուլը․ Վարուժան Գեղամյան
03 Մայիսի 2024, 21:32
Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի համար խոչընդոտ է։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Մենք գործ ունենք հայ-թուրքական հակամարտության հետ, որի մի կողմը ներկայացված է Թուրքիայով ու Ադրբեջանով, ու այդ պետությունները խոշոր հաշվով ունեն մեկ մեծ նպատակ․ Հարավային Կովկասը եթե ոչ դարձնել լիարժեք իրենց տիրապետության տակ գտնվող տարածք, ապա առնվազն՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք։ Այսինքն՝ սարքել Հարավային Կովկասը սեփական ազդեցության գոտի և, բնականաբար, այդ նպատակին հասնելու ճանապարհին կա մեկ մեծ խոչընդոտ։
Դա և՛ աշխարհագրության բերումով, և՛ աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ Հայաստանն է։ Այն, փաստացի, 2022թ․ հետո հայտնվել է շատ ավելի խոցելի վիճակում, ինչը Թուրքիային ու Ադրբեջանին թույլ է տալիս, որ Հայաստանից ստանան առավելագույնը»,- նշել է թուրքագետը։
Վարուժան Գեղամյանը հիշեցրել է թուրք քաղաքական գործչի հայտարարությունը, թե ժամանակն է՝ Հայաստանից հիմա ստանալ առավելագույնը։
«Պատահական չէ, որ 2022թ․ ամռանը Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր գործիչ Ահմեդ Դավութօղլուն իր հարցազրույցներից մեկում շատ դիպուկ բանաձևեց այս պահին Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվածը, որ ժամանակն է՝ Հայաստանից հիմա ստանանք առավելագույնը։ Այսինքն, տեսնելով, որ հիմա ստեղծվել են բարենպաստ պայմաններ, Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են Հայաստանից ստանալ այն ամենն, ինչը հնարավորություն է տալիս չեզոքացնել հայկական քաղաքական գործոնն այս տարածաշրջանում՝ այդպիսով մեծացնելով թուրքական ազդեցությունը»,- ասել է Վարուժան Գեղամյանը։
Անդրադառնալով տավուշյան դեպքերին՝ թուրքագետը ահազանգել է, որ Տավուշով կանգ չեն առնելու, դա հանձնման օպերացիայի նախաբանն է։
«Տավուշն ընդամենը այդ շղթայի օղակներից մեկն է։ Շատ ավելի հեշտ օղակ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ամենաամուր օղակն՝ Արցախն, այլևս չկա։ Տավուշը, ի համեմատ Արցախի, թույլ օղակ է, բայց ի համեմատ, օրինակ Սյունիքի, Տիգրանաշենի, ամենաամուր օղակն է։ Եթե այդ օղակը կարողանանք պահել, հաջորդ օղակները պաշտպանված կլինեն ու նրանց գործը չի հասնի։ Դրա համար պետք է հասկանալ, որ Տավուշով գործը ոչ թե ավարտվում է, այլ մեկնարկում է հանձնման, մեծ կորուստների հերթական շրջափուլը»,- եզրափակել է Վարուժան Գեղամյանը։