Մեզ փոխհատուցում պետք չէ, մենք մեր հողը չենք վաճառում․ Կիրանցի բնակչուհի

16 Մայիսի 2024, 14:45

Քաղաքականություն

Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները, որոնց տները առաջիկա օրերին կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, առավոտից գյուղապետարանում են և իրենց հետ կադաստրային փաստաթղթեր են բերել: Նրանք դժգոհ են ՀՀ կառավարության որոշումից և հայտարարում են, որ փոխհատուցման կարիք չունեն։

«Ես ծնվել և մեծացել եմ Կիրանցում։ Այստեղ թուրք երբեք չի եղել։ Մենք մեր ձեռքերում ունենք բոլոր փաստաթղթերը։ Սա հայկական հող է։ Մեր գյուղում թուրքերին պատկանող տարածքներ չկան, սա մեր տարածքն է։ Ես ոչ մի գնով չեմ վաճառի իմ տունը, ոչ էլ իմ հողը։ Մեզ փոխհատուցում պետք չէ, ես չեմ վաճառվում», — ասաց գյուղի բնակչուհիներից մեկը։