Իրանի ՆԳՆ ղեկավարը չի հաստատել տեղեկությունը, որ Իրանի նախագահը չի տուժել ուղղաթիռի վթարից հետո

19 Մայիսի 2024, 17:59

Քաղաքականություն

Իրանի ՆԳՆ ղեկավարն առայժմ չի հաստատում տեղեկությունն այն մասին, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին չի տուժել ուղղաթիռի վայրէջքից հետո, նրա հետ կապ չկա, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով Al-Masirah հեռուստաալիքին:

Ավելի վաղ Մեհր գործակալությունը հայտնել էր, որ Ռաիսին լավ է, նա ավտոշարասյան կազմում մեքենայով Թավրիզ է ուղեւորվում: Նախագահական ուղղաթիռի կործանման վայր են ժամանել փրկարարական ջոկատները, հաղորդում է IRNA գործակալությունը:

Դեպքի մասին փրկարարներին հայտնելուց մոտ մեկ ժամ անց փրկարարական ջոկատները ժամանել են դեպքի վայր, և սկսվել են որոնումները: Տարածք են ուղարկվել 20 փրկարարական խմբեր և անօդաչու թռչող սարքեր, սակայն տեղանքը հատելու դժվարության, նրա լեռնային և անտառային պայմանների, ինչպես նաև եղանակային վատ պայմանների, հատկապես ուժեղ մառախուղի պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակ կպահանջեն:

Հիշեցնենք, որ Իրանում վթարի էր ենթարկվել նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը։ Օդանավում է եղել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիյանը: