Հակոբ Մարթայան (Դիլաչար)․ Ժամանակակից թուրքերենի ստեղծողը
22 Մայիսի 2024, 22:55
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մայիսի 22-ին ականավոր լեզվաբան, ժամանակակից թուրքերենի ստեղծող Հակոբ Մարթայանի ծննդյան օրն է։
Թուրք հասարակությունում չեն սիրում խոսել Թուրքիայի կայացման գործում հայերի ունեցած ավանդի մասին, սակայն Հակոբ Մարթայանի մասին պարզապես չեն կարող չհիշատակել։ Ի վերջո, հենց նա էր, ով հսկայական դեր խաղաց լեզվաբանության և թուրքերենի զարգացման գործում:
Հակոբ Մարտայանը ծնվել է Կ.Պոլսում, 1895թ. մայիսի 22-ին: Սովորել է ամերիկյան «Robert College» դպրոցում, որտեղ անգլերենից բացի սովորել է գերմաներեն, լատիներեն և դասական հունարեն։
Անգլերենի կատարյալ իմացությունը թույլ է տվել նրան ծառայել թուրքական բանակում որպես բրիտանացի ռազմագերիների թարգմանիչ։ Մի օր Մարթայանին ձերբակալել են և տարել Դամասկոս՝ մեղադրելով բրիտանացի ռազմագերիների հետ գաղտնի կապերի մեջ։ Այնտեղ նրան ծանոթացրել են Մուստաֆա Քեմալի հետ, որն այն ժամանակ օսմանյան բանակի յոթերորդ դիվիզիայի հրամանատարն էր։ Նա տպավորված էր հայի ինտելեկտով, նույնիսկ ներում է շնորհել նրան ու տարել իր շտաբ։
Մարթայանը շարունակել է թուրքերենի ուսումնասիրությունները՝ որպես Անկարայում նորաստեղծ թուրքերենի ասոցիացիայի գլխավոր մասնագետ և գլխավոր քարտուղար: 1934 թվականին, «Ազգանունների մասին» օրենքի ընդունումից հետո, Մուսթաֆա Քեմալը նրան առաջարկեց Դիլյաչար ազգանունը, որը նշանակում է «լեզու բացահայտող»՝ թուրքերենում անգնահատելի ներդրման համար:
Հարկ է նշել, որ Հակոբ Մարթայանը ոչ միայն ժամանակակից թուրքերենի հիմնադիրն էր, այլև թուրքական հանրագիտարանի գլխավոր խմբագիրը։ Հայերենի և թուրքերենի հետ մեկտեղ Մարթայանը տիրապետում էր ևս 19 լեզուների, այդ թվում՝ հունարեն, անգլերեն, իսպաներեն, լատիներեն, գերմաներեն, ռուսերեն, բուլղարերեն։
Հեղինակ է բազմաթիվ աշխատությունների, որոնցից պետք է ընդգծել «Լեզուն, լեզուները և լեզվաբանությունը» գիրքը, որտեղ խոսվում է հայերենի, գրաբարի, միջին հայերենի և նոր հայերենի մասին։