Հայաստանի իշխանությունը նվեր է Թուրքիայի ու Ադրբեջանի համար. Կարեն Բեքարյան
15 Հունիսի 2024, 19:20
Ոստիկանական գործողություններին չարձագանքելը նշանակում է խրախուսում: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը։
«Արևմտյան գործընկերների կողմից, դա կլինի Միացյալ Նահանգները, եվրոպական երկրները, թե ԵՄ գրասենյակը, չկա խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բիրտ ուժի հետ կապված որևէ համարժեք արձագանք: Այս արձագանքի բացակայությունն իր մեջ խրախուսում է պարունակում, որովհետև քաղաքական շահերը դարձել են ամեն ինչից բարձր և արժեքային ողջ համակարգը կամ արժեքները ոտնատակ են արել: Այդ քաղաքական շահը Նիկոլ Փաշինյանին բոլոր հնարավոր ձևերով իշխանության պահելն է, որպեսզի իրենց ծրագրի ամեն հերթական արարը կարողանա իրականացնել»,- ասել է մեր զրուցակիցը:
Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նվեր է Թուրքիայի ու Ադրբեջանի համար, հետևաբար՝ նրանք շտապում են իրենց ծրագրերն իրագործել, քանի իշխանություն չի փոխվել Հայաստանում։
«Մենք ամերիկյան քաղաքական դեսանտ ունենք Հայաստանում՝ այս վերջին օրերի ընթացքում: Բարձրաստիճան պաշտոնյաների այցերը, երկխոսության կոմիտեի նիստը, որի վերաբերյալ որևէ մեկը լսե՞լ էր, զանգեր, հանդիպումներ, թեկուզ ոչ առաջին մակարդակով: Իրենք մի քանի ուղղությամբ են շտապում: Մի պահ փորձեք, որքան էլ վատ է, ձեզ պատկերացնել Թուրքիայի, Ադրբեջանի որոշում կայացնողների կամ նրանց խորհուրդ տվողների դերում: Այնպիսի նվեր, ինչպիսին այս իշխանությունն է քանի՞ տարուց, քանի տասնամյակից ու հարյուրամյակից հետո կարող են ունենալ: Առաջանում է պարզ խնդիր՝ այս նվերի ժամկետը մաքսիմալ օգտագործել:
Մենք երբևե միարժեք չգիտենք, թե ինչ կարգի խոստումներ կան տրված, որի մասին օֆիցիալ հայտարարություն չկա, մեր հանրությունն էլ տեղյակ չէ: Բայց այն, որ այդ ձեռագիրը գործել է այս տարիների ընթացքում, դրա փաստերը կան: Հետևաբար, առաջանում է խնդիր՝ ո՞վ պետք է կատարի այդ խոստումները, եթե սա չլինի: Պետք է սրան ատամներով պահել՝ հնարավոր բոլոր եղանակներով, տված խոստումները ստանալ, սեփական օրակարգերը սպասարկել ու այդ սպասարկելու մեջ ահավոր շտապել»,- նկատել է Կարեն Բեքարյանը:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ գերտերություններն իրենց ընձեռնված շանսը օգտագործում են տարածաշրջանում ամրանալու համար։
«Ստացվել է շանս՝ աշխարհաքաղաքական բալանս փոխելու տարածաշրջանում: Այդ շանսը ստացել են գերտերությունները, հետևաբար՝ այդ ուղղությամբ ինչ քայլեր հնարավոր է անել, արել են, անում են, անելու են՝ օգտվելով նրա (խմբ.-Նիկոլ Փաշինյանի) գոյությունից:
Մարդիկ շարժվում են իրենց շահերով: Եթե դու օբյեկտ չես, սուբյկետ ես, դու այդ շահերի հետ քո շահերն ես դնում սեղանին, համադրության արդյունքում հասկանում ես ընթացքը: Բայց եթե դու կորցրել ես քո սուբյեկտայնությունը, վեր ես ածվել օբյեկտի, քո գլխի վրայով առաջ են մղում իրենց շահերը: Եթե մենք մնացել ենք չգիտեմ որտեղ, մեզ թվում է՝ ինչ-որ գործողություններ, քայլեր արվում են մեր գեղեցիկ աչքերի համար, սրտի կամ հոգու համար՝ ելնելով մեր տարբեր արժեքներից: Աշխարհը շատ է փոխվել: Հետևաբար՝ շահերը դարձել են ոչ թե առաջնահերթ, այլ միակ ուղեկից, ու դրա ներքո՝ անում են ամեն ինչ, ինչ որ անում են»,- ասել է քաղաքագետը:
Նա նշել է, թե ինչ բարդ կլինի իրենց համար, երբ Հայաստանում իշխանություն փոխվի։
«Հայաստանի Հանրապետությունում ցանկացած այլ իշխանություն վերականգնելու է առաջին հերթին սուբյեկտայնություն, նստելու է գործընկերային երկխոսության, որտեղ լինելու են կարմիր գծեր, շահերի հակադրում: Այսինքն՝ նրանց կյանքը դժվարացնելու է»,- եզրափակել է Կարեն Բեքարյանը: