Փաշինյանը գիշեր-ցերեկ մուրացկանություն է անում՝ խաղաղության դաշնագիր ստորագրելու համար․ Հարութ Սասունյան

05 Հուլիսի 2024, 22:51

Քաղաքականություն

Փաշինյանը գիշեր-ցերեկ մուրացկանություն է անում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։

Նրա խոսքով՝ վիրավորական է, որ երկրի ղեկավարը Սահմանադրության օրն անում է հակասահմանադրական հայտարարություններ։

«Փաշինյանն ինքն իրեն հակասում է։ Նա 2 տարի առաջ նշանակել է Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողով, որի անդամները բոլորը ՔՊ-ականներ են, ընդդիմությունը չկա։ Այս մարդիկ 2 տարի է՝ ամեն շաբաթ հանդիպում են, չգիտենք՝ ինչ են խոսում ու որոշում։ 2 տարի առաջ Սահմանադրության փոփոխության մասին խոսք չկար։

Միանգամից Փաշինյանը հայտարարում է, որ նոր հանձնաժողով պետք է ձևավորվի։ Նույնիսկ չէր տեղեկացրել այդ հանձնաժողովի անդամներին։ Մարդիկ 2 տարի վատնեցին իզուր, և ահա զրոյից պետք է սկսեն։ Փաշինյանն ասաց, որ նոր Սահմանադրությունը պետք է պատրաստ լինի մինչև 2026-ի վերջը՝ երկուսուկես տարի հետո։ Բայց Ալիևն ասում է՝ առանց Սահմանադրության փոփոխության՝ խաղաղության պայմանագիր չեմ ստորագրելու։

Փաշինյանի նպատակն է, որ Ալիևի պահանջներին ենթարկվի, Սահմանադրությունը փոխի ու խաղաղության պայմանագիր կնքի։ Նա գիշեր-ցերեկ մուրացկանություն է անում՝ խաղաղության դաշնագիր ստորագրելու համար։ Բայց իր ելույթով հակասում է իր նպատակներին ու Ալիևի հրահանգներին»,- նկատել է Սասունյանը։

Նրա խոսքով՝ Ալիևի այսօրվա սանձարձակ պահվածքը հաղթության արդյունքն է։

«Սահմանադրության մեջ բոլոր երկրներում, նաև ԱՄՆ-ում ժամանակ առ ժամանակ մեծամասնության քվեով փոխում են որոշ կետեր, հավելումներ են անում։ Խնդիրն այն է, որ Սահմանադրության մասին խոսակցությունները սկսեցին Ալիևի ելույթից հետո։ Ալիևը այնքան հպարտանում է իր հաղթանակներով, որ սանձարձակ հայտարարություններ է անում։

Եթե Ալիևը այդ խոսքը չասեր, այդ ժամանակ Փաշինյանն ասեր՝ Սահմանադրությունը կատարյալ չէ, պետք է ուսումնասիրենք, տեսնենք՝ ինչ կարելի է փոխել, չէի հակառակվի։ Ոչ մի Սահմանադրություն կատարյալ չէ, որոշ ժամանակ անց փոփոխումներ են կատարում։ Բայց ինքն ասաց Սահմանադրության փոփոխության մասին՝ Ալիևի հայտարարությունից հետո։ Այստեղ է խնդիրը»,- եզրափակել է Հարութ Սասունյանը։

Հիմա եթերում