Թրամփի համար մեր տարածաշրջանում կարևոր դաշնակիցները Թուրքիան ու Ադրբեջանն են․ Արթուր Խաչիկյան

22 Հուլիսի 2024, 22:12

Քաղաքականություն

Չեմ կարծում, որ Հայաստանը ինչ-որ ակնկալիքներ պետք է ունենա ԱՄՆ նախագահական ընտրություններից։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

«Սպասելի էր, որ նախագահ Բայդենը կհեռանա, քանի որ պարզ էր, որ հավանաբար այս տարիքում չէր կարող վերցնել նախագահի պարտականությունները։ Մեծ հույսեր են կապում Թրամփի թեկնածության հետ, գուցե նրան հաջողվի հաղթել այս ընտրություններում, բայց ես այդպիսի եզրակացություն առայժմ չէի անի։ Դա լինելու է մոտ ու հավասար պայքար։ Ցանկացած դեպքում, չեմ կարծում, որ Հայաստանն ինչ-որ ակնկալիքներ պետք է ունենա այս ընտրություններից»,- ասել է մեր զրուցակիցը։

Քաղաքագետի խոսքով՝ եթե ընտրվեն դեմոկրատները, նրանք կշարունակեն պատերազմը Ռուսաստանի դեմ Ուկրաինայում, դա է իրենց ամենակարևոր վեկտորը արտաքին քաղաքականության մեջ։

«Հայաստանն իրենց համար որևէ կարևորություն չունի։ Իսկ եթե հաղթի Թրամփն ու իր կուսակցությունը, իր համար նույնպես մեր ռեգիոնում կարևոր դաշնակիցները Թուրքիան ու Ադրբեջանն են։ Նա շատ պրագմատիկ քաղաքական գործիչ է ու առանձնապես որևէ ռոմանտիկ հայասիրությամբ չի զբաղվում։ Նա մտածում է շատ կոնկրետ ու Ամերիկան իր համար առաջնահերթ է»,- ասել է Արթուր Խաչիկյանը։

Նա մեկնաբանել է նաև ԱՄՆ ներկայացուցիչների՝ վերջին շրջանում հաճախակի դարձած այցերը Հայաստան։

«Մենք ԱՄՆ-ի համար շարունակում ենք մնալ ոչ կարևոր, երրորդ, չորրորդ կարգի վիճակում, որտեղ Արևմուտքը որևէ ռեալ շահեր չունի։ Հետաքրքիր է, որ ԱՄՆ պատվիրակությունները Հայաստան եկան պատերազմից հետո, Արցախի հայաթափումից հետո։ Նրանք չեկան Հայաստան, որ կանխեն հայերի պարտությունը, արտագաղթը կամ էթնիկ զտումը։ Նրանք սպասում էին, որ մեզ կոտրեն, հետո նոր գան և մեզ ենթարկեցնեն Թուրքային։ ԱՄՆ-ն ուզում է, որ այստեղ ստեղծվի այդ միջանցքը, Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղանան, դառնան հակառուսական պլացդարմ, նավթը և գազը շրջանցի Ռուսաստանի տարածքը ու Հայաստանը կամաց-կամաց անհայտանա»,- եզրափակել է Արթուր խաչիկյանը։