Թերեզա Միրզոյան. կին արարիչը
11 Օգոստոսի 2024, 23:48
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Օգոստոսի 11-ը խորհրդային և հայ անվանի քանդակագործ Թերեզա Միրզոյանի ծննդյան օրն է:
Միրզոյանը 1949 թվականից եղել է ՀԽՍՀ նկարիչների միության անդամ, ինչպես նաև Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսների ակտիվ մասնակից: Բազմիցս իր աշխատանքները ցուցադրել է արտերկրում, որտեղ դրանք գնահատվել են ըստ արժանվույն։ Հեղինակ է բազմաթիվ քանդակների և մոնումենտալ աշխատանքների, որոնք տեղադրվել են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:
Քանդակագործական գործեր ստեղծելիս աշխատել է տարբեր նյութերի հետ, այդ թվում՝ մարմար, բրոնզ, տուֆ, ճենապակի, փայտ, բազալտ և այլն: Նրա գործերից կարելի է նշել Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի, 12-րդ դարի հայ ականավոր բժիշկ Մխիթար Հերացու կիսանդրին, «Սիրում է, չի սիրում» քանդակը և այլն:
Իր կյանքի շուրջ 55 տարիները Միրզոյանը նվիրել է արվեստի ինստիտուտում մանկավարժական գործունեությանը։ Նրա աշակերտներից շատերը քանդակագործներ են, ովքեր համաշխարհային ճանաչում են ձեռք բերել, ինչպես նաև պրոֆեսիոնալ ուսուցիչներ:
Թերեզա Միրզոյանն իր երկարամյա և բեղմնավոր մասնագիտական գործունեության համար պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի և արտասահմանյան երկրների բազմաթիվ պարգևներով, մեդալներով, պատվոգրերով և մրցանակներով:
Թերեզա Միրզոյանը կյանքից հեռացել է 2016 թվականի օգոստոսի 7-ին։