Ադրբեջանը կոնկրետ թվերով չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Լևոն Քոչարյան

07 Օգոստոսի 2026, 16:53

Կարծիք | Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, այն դեպքում, երբ հակառակ կողմից նման քայլ չկա։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման շուրջ քննարկումներին։

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը կոնկրետ թվերով չի ճանաչել Հայաստանի տարածքը։ Սահմանազատման գործընթացում փոխադարձություն չկա, իսկ Բաքվի պահանջները կրում են զավթողական բնույթ»,- ընդգծել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջան» կոչված թեզը նախկինում երբեք Հայաստանում քաղաքական օրակարգի մաս չի դարձել, քանի որ երկիրն ուժեղ էր, իսկ դիվանագիտությունը՝ հաստատուն։

Այսօր այդ թեմաների շուրջ քննարկումները, ըստ Լևոն Քոչարյանի, պայմանավորված են բացառապես իշխանությունների վարած զիջողական քաղաքականությամբ։