Առաջին հայն եմ, որ Լյուքսեմբուրգում մասնակցել է ավագանու և խորհրդարանական ընտրություններին. Մանուկյան

08 Մայիսի 2025, 21:44

Հայեր

Լյուքսեմբուրգում ապրում է 500-600 հայ, հիմնականում աշխատում են աուդիտորական ընկերություններում և բանկային ոլորտում, քանի որ Լյուքսեմբուրգը գիգանտ ֆինանսական կենտրոն է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Հայաստան-Լյուքսեմբուրգ ասոցիացիայի նախագահ Տաթև Մանուկյանը:

«Որակավորում չունեցող մարդկանց նվազագույն աշխատավարձը 2000 եվրո է, իսկ որակավորում ունեցողներինը՝ 2700: Հայաստանից գալիս են արդեն աշխատանքի ընդունված, որակավորում ունեցող մարդիկ: Գալիս են հիմնականում ընտանիքներով»,- նշեց Տաթև Մանուկյանը:

Խոսելով լեզվի պահպանության խնդրի մասին՝ Հայաստան-Լյուքսեմբուրգ ասոցիացիայի նախագահն ասաց, որ թեպետ համայնքը փոքրաթիվ է, բայց ունեն դպրոց, որտեղ երեխաները սովորում են ոչ միայն հայոց լեզու, այլև մշակույթ և երգեցողություն:

«Ունենք երգչախումբ, որտեղ երգում ենք ավանդական հայկական երգեր: Կարող եմ վստահ ասել, որ մեր ներդրումն ունենք այս համայնքում: Իհարկե, դեռ չունենք եկեղեցի, բայց տարեկան 1-2 պատարագ ենք կազմակերպում, հիմնականում՝ ապրիլի 24-ին»,- ընդգծեց Տաթև Մանուկյանը:
Խոսելով Լյուքսեմբուրգի քաղաքական դաշտում հայերի ներգրավվածության մասին՝ Տաթև Մանուկյանն ասաց. «Քանի որ համայնքը երիտասարդ է և շատ փոքրաթիվ, քաղաքական դաշտում դեռ նվաճումներ չունենք: Առաջին հայն եմ, ով Լյուքսեմբուրգում մասնակցել է ավագանու և խորհրդարանական ընտրություններին, ներգրավված եմ լյուքսեմբուրգյան քաղաքական կուսակցական աշխարհում:

Համայնքի որևէ անդամ կտրված չէ Հայաստանից, ակտիվ հետևում ենք Հայաստանում կատարվող իրադարձություններին: Համայնքի օրակարգում են մշակութային կյանքի ակտիվացումը, քաղաքական դաշտում ներգրավվածության մեծացումը: Այս երկու խնդիրներն էլ ժամանակի հարց են»,- եզրափակեց Տաթև Մանուկյանը: