Արամ Վարդևանյանը մեծ գործ ունի անելու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից․ Նարեկ Կարապետյան
06 Օգոստոսի 2026, 12:13
«Ուժեղ Հայաստան»-ն առաջնորդվում է հստակ օրակարգով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների այն հայտարարություններին, թե ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածուին ընտրելու օրենսդրական պարտադիր պահանջ չկա։
«Պարոն Վարդևանյանը թե՛ Ազգային ժողովի նախագահի տեղակալի կարգավիճակում, թե՛ մեր խմբակցության անդամի կարգավիճակում մեծ գործ ունի անելու։ Երկու դեպքում էլ Ազգային ժողովն ու մեր աշխատանքը միայն շահելու են»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Արձագանքելով դիտարկմանը, թե արդյոք հակասություն չկա Վարդևանյանի «մեծ անելիքների» և այն թեզի միջև, որ այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու՝ պատգամավորն ընդգծել է․
«Հենց մեր բոլորի աշխատանքի արդյունքում է, որ պետք է հասնենք այդ փոփոխությանը։ Յուրաքանչյուրս մեր դիրքերում պետք է աշխատենք որքան հնարավոր է շատ, որպեսզի կարողանանք իրականացնել անհրաժեշտ քաղաքական փոփոխությունները»։