Արամո․ Խարիզմատիկ երգիչն ու դերասանը

24 Հունվարի 2025, 22:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունվարի 24-ին հայտնի հայ երգիչ, դերասան, թմբկահար և Հայաստանի վաստակավոր արտիստ Արամոյի (Արամ Գևորգյան) ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1968 թվականին Երևանում։ Արամոն հայտնի դերասան Ավետիք Գևորգյանի որդին է, ով խաղացել է Էդմոնդ Քեոսոյանի հայտնի «Տղամարդիկ» ֆիլմում։

1985 թվականին ավարտել է Երևանի Կրուպսկայայի (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի) անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը։ Հաճախել է երաժշտական դպրոց, սովորել հարվածային գործիքների բաժնում։ 1985-1989 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։

1989 թվականին «Յուրմալա» երաժշտական մրցույթում Արամոն գրավել է 2-րդ տեղը և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի։

Արամոն թողարկել է 4 ձայնասկավառակ, որոնցից 3-ը կնոջ՝ Էմմա Պետրոսյանի հետ։

Պատանեկան տարիքում նվագել է «Արևիկ» անսամբլում։ Հետագայում դարձել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար և թմբկահար, ապա՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի մենակատար։ 1998 թվականից համերգային գործունեությամբ է զբաղվում հայրենիքում և արտերկրում։

Խաղացել է թատերական ներկայացումներում և Էդմոնդ Քեոսայանի «Մխիթար Սպարապետ», «Ծաղրածուի ժպիտը», Դովլաթյանի «Սողանք», «Մեր բակը», «Վոդկա լիմոն», «Գնչուհին» և այլ ֆիլմերում։

Արամոն նկարահանվել է այնպիսի հանրաճանաչ ֆիլմերում, ինչպիսիք են «Հովիվը», 2013 թ.` «Սպիտակ գառան երազը» ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Որոգայթ»,«Սարոյանները» և «Աբելի քույրը» սերիալներում։