Մենք այս մասին ավելի վաղ ենք խոսել․ Վրաստանի ԱԳՆ-ն՝ USAID-ի կողմից հեղափոխությունների ֆինանսավորման մասին
27 Նոյեմբերի 2026, 12:40
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին արձագանքել է Իլոն Մասկի հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ֆինանսավորել է «գունավոր հեղափոխություններ» աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Վրաստանում։
Նախարարի խոսքով՝ Թբիլիսին շատ այլ երկրներից ավելի վաղ է սկսել բացահայտ խոսել այդ միջամտության մասին, մինչդեռ մյուսները նախընտրել են լռության մատնել խնդիրը։
«Մենք անհրաժեշտ ենք համարել հասարակությունից չթաքցնել այն, ինչ տեղի էր ունենում կուլիսներում, այդ թվում՝ ինչ հրահանգներ էին ընդդիմության ներկայացուցիչները ստանում արտերկրից, որից հետո դուրս էին գալիս փողոցներ և կատարում առաջադրանքները»,- Վրաստանի Առաջին ալիքի եթերում նշել է Բոճորիշվիլին։
Նախարարի մեկնաբանության առիթը Մասկի հրապարակումն էր, որում նա խոսել էր USAID-ի կողմից բողոքի ակցիաների ֆինանսավորման մասին։
Հրապարակված տվյալների համաձայն՝ 2008-2025 թվականներին Վրաստանը գործակալությունից ստացել է ավելի քան 1 միլիարդ դոլարի դրամաշնորհներ, որից 26 միլիոն դոլարը նախատեսված է եղել «ընտրությունների և քաղաքական գործընթացների» համար։