Ծառուկյանի գործը քաղաքական նպատակներով օգտագործվող բիզնես վեճ է․ Երեմ Սարգսյան
07 Հուլիսի 2026, 16:19
Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստը, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը նշել է, որ քննվող քրեական գործը զուրկ է իրավական հիմքերից և իրենից ներկայացնում է սովորական բիզնես վեճ, որն օգտագործվում է քաղաքական նպատակներով։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությանը, որը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ խարդախությանը և փողերի լվացմանը, Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ դատարանում հստակ հերքվել են այդ թեզերը։
«Մենք դատարանում հստակ հիմնավորեցինք, որ այդ անձինք փաստաթղթեր են ստորագրել, որոնցով իրենք են պարտք Ծառուկյանին։ Իրենք գումարները չեն վերադարձրել, պարտավորվել են մինչև 2026 թվականը վերադարձնել, հիմա չեն վերադարձրել, և այս վարույթներն, ըստ էության, սկսել են հենց շանտաժի հետ կապված»,- նշել է փաստաբանը։