«Ճակատագրի հեգնանքից» մինչև ջազային փառատոներ․ Գեորգի Գարանյան

15 Օգոստոսի 2026, 21:00

Հայեր

Գեորգի Գարանյանը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 15-ին Մոսկվայում՝ ինժեների և երաժշտի ընտանիքում։ Դեռ վաղ տարիքից նա հետաքրքրվում էր երաժշտությամբ, թեև հայրը որդու ապագան տեսնում էր ինժեների մասնագիտության մեջ։

Գարանյանն ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ ստանալով ակադեմիական կրթություն, սակայն ընտրել է ջազային երաժշտի ուղին։

Նա դարձել է խորհրդային առաջին ջազային երաժիշտներից մեկը, որի ելույթները ուշադրություն են գրավել նաև ԽՍՀՄ սահմաններից դուրս։ 1960-1970-ականներին Գարանյանը ստեղծել է «Մեղեդի» անսամբլը, իսկ հետագայում ղեկավարել Մոսկվայի և Կրասնոդարի մեծ-բենդերը։ Նրա սաքսոֆոնի հնչյունները լսվում են խորհրդային կինոյի և անիմացիայի բազմաթիվ հայտնի գործերում, օրինակ «Ճակատագրի հեգնանք», «12 աթոռ», «Բուրատինոյի արկածները», «Ադամանդե ձեռքը», «Դե՛, սպասիր»։ Նա նաև բազմաթիվ ֆիլմերի դիրիժորն ու գործիքավորողն էր, այդ թվում՝ «Պոկրովյան դարպասները» և «Սիրահարների սիրավեպը»։

Գարանյանը համագործակցել է խորհրդային էստրադայի ամենահայտնի աստղերի հետ, գործիքային պարտիաներ է ձայնագրել Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործությունների համար, երաժշտություն է գրել Ջիգարխանյանի և Ռայկինի թատրոնների, ինչպես նաև Նիկուլինի անվան Մոսկվայի կրկեսի համար։

Երաժիշտը ակտիվորեն համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում և Կուբայում։ Միջազգային փառատոների քննադատները նրան անվանել են «ֆենոմենալ» երաժիշտ, իսկ ամերիկացի ռադիոհաղորդավար Ուիլիս Քոնովերը բազմիցս հրավիրել է նրան հեղինակավոր ջազային բեմեր։ 2000 թվականին Գարանյանը «Oregon in Moscow» նախագծում Չայկովսկու նվագախմբի դիրիժորի աշխատանքի համար առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։

Նա հեղինակել է «Էստրադային և ջազային գործիքավորման հիմունքները» դասագիրքը, որը դարձել է երիտասարդ երաժիշտների սեղանի գիրքը։ Գարանյանը վարել է «Գեորգի Գարանյանի ջազ-ակումբը» ռադիոհաղորդումը և կազմակերպել «Ջազ ենք նվագում Գարանյանի հետ» փառատոները։ Մինչև կյանքի վերջին տարիները նա մնացել է ակտիվ արտիստ՝ տարեկան հանդես գալով ավելի քան հարյուր համերգով։

Գարանյանը մահացել է 2010 թվականի հունվարի 11-ին Կրասնոդարում՝ սրտի կաթվածից։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։