Դիտորդական առաքելությունը կարևոր դեր ունի մեր անվտանգության ապահովման գործում. ՀՀ ԱԳՆ
04 Փետրվարի 2025, 14:11

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը ևս 2 տարով երկարաձգելը շատ կարևոր որոշում էր։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Մեր անվտանգության ապահովման գործում դիտորդական առաքելությունը կարևոր դեր ունի։ Մեր սահմանների մոնիտորինգը ոչ միայն նպաստել է միջադեպերի նվազեցմանն, այլև իրազեկության մակարդակը Բրյուսելում և եվրոպական մայրաքաղաքներում զգալի աճել է։ Այժմ երրորդ՝ անկողմնակալ դիտորդի աչքերով է իրավիճակը դիտվում», — հայտարարել է նա՝ հավելելով, որ առաքելությունը նաև մեծ դեր է խաղում սահմանամերձ շրջաններում բնակչության ինքնավստահության մակարդակի բարձրացման առումով։
Պարույր Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ առաքելությունն օգնում է նաև ենթակառուցվածքային գործունեության առումով մի շարք նախագծերի իրականացմանը, օրինակ՝ դեպի Կապանի օդանավակայան թռիչքները նույնպես վերահսկվում են դիտորդների կողմից։