Եղիշե Չարենց․ Հայ ժողովրդի մեծանուն բանաստեղծը

13 Մարտի 2025, 23:45

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր՝ մարտի 13-ին, 20-րդ դարի հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։

Եղիշե Չարենցը (իսկական ազգանունը՝ Սողոմոնյան) ծնվել է 1897 թվականին Կարսում՝ հայ վաճառականի ընտանիքում։ Այս հինավուրց և պատմական ոգով քաղաքում էլ նա ավարտել է ուսումնարանը, իսկ 18 տարեկանում դարձել Վանի պաշտպանության համար պայքարողներից մեկը՝ միանալով թուրքերի դեմ քաջաբար մարտնչող հայ աշխարհազորայիններին։

Ինչ վերաբերում է Չարենցի կեղծանունին, պատմում են, թե Կարս է եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Սակայն բանաստեղծի մտերիմ ընկերները պնդում էին, որ նա ընտրել է «Չարենց» անունը, քանի որ մանկուց աչքի է ընկել անհնազանդությամբ և համառությամբ (չար, անհանգիստ):

1916 թվականին Եղիշե Չարենցը մեկնել է Մոսկվա՝ համալսարան ընդունվելու, և այնտեղ դարձել Փետրվարյան հեղափոխության ակտիվ մասնակից՝ պայքարելով Բուտիրսկի բանտից քաղբանտարկյալների ազատ արձակման համար։ 1918 թվականին բանաստեղծը միացել է Կարմիր բանակին։ Մեկ տարի անց տեղափոխվել է Երևան, որտեղ որոշ ժամանակ աշխատել է որպես ուսուցիչ։

Չարենցն ունի մի շարք բանաստեղծական ժողովածուներ, այդ թվում՝ «Ծիածան», «Ողջակիզվող կրակ», «Գիրք ճանապարհի»։ Իսկ նրա պոեմները՝ «Դանթեական առասպել»-ը, «Կապուտաչյա հայրենիք»-ը, «Ամբոխները խելագարված»-ը, գլուխգործոցներ են։ Նրա գրչին են պատկանում նաև «Երկիր Նաիրի» վեպը և բազմաթիվ այլ ստեղծագործություններ: Չարենցը հայերեն է թարգմանել նաև ռուս և օտարազգի շատ դասականների՝ Ա.Պուշկինի, Մ. Լերմոնտովի, Վ. Մայակովսկու, Յ. Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, Ու. Ուիթմենի ստեղծագործությունները:

Բանաստեղծն ապրել է ընդամենը 40 տարի, սակայն դա բավական էր, որպեսզի ընդմիշտ հիշվի սերունդների կողմից:

1975 թվականին Երևանում բացվել է Չարենցի թանգարանը, որը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է։ Թանգարանում պահվում են նաև Մարտիրոս Սարյանի, Հենրիկ Սիրավյանի, Արա Բեքարյանի աշխատանքները՝ նվիրված Չարենցին:

Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը կարելի է լսել Alpha News-ի Audiobook բացառիկ ուսուցողական նախագծի յութուբյան ալիքում: