Գարեգին Բ-ն ընդունել է ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին
28 Սեպտեմբերի 2026, 19:15
Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Նորին Սրբությանն է ներկայացրել խորհրդաժողովի աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով կառույցի գործունեության առաջնահերթություններին և առաջիկա ռազմավարական ծրագրերին։
Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է հղել ներկաներին՝ ընդգծելով միջազգային հարթակներում հայկական շահերի պաշտպանության և համազգային հիմնախնդիրների բարձրաձայնման ուղղությամբ գործադրվող հետևողական ջանքերի կարևորությունը։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին ու տարածաշրջանային զարգացումներին: Հատուկ ուշադրության են արժանացել բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերը։ Կողմերը շեշտել են համազգային խնդիրների լուծման և հայրենիքի զորացման նպատակով ազգային բոլոր կառույցների ներուժի մեկտեղման հրամայականը։
Քննարկվել են նաև ազգային-եկեղեցական կյանքին առնչվող մտահոգությունները, մասնավորապես՝ Հայոց Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը և վերջինիս գործունեությանը հարուցվող խոչընդոտները։ Երկուստեք արժևորվել է Հայոց Եկեղեցու հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը ժողովրդի հոգևոր զարթոնքի, ազգային ինքնության պահպանման և հայոց պետականության ամրապնդման գործում։