Գլենդելում հանցավորության ցածր մակարդակը պայմանավորված է նաև բնակիչների օրինապահությամբ․ Ռոբերտ Ուիլյամ

25 Սեպտեմբերի 2026, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ես միշտ ցանկացել եմ դառնալ սովորական ոստիկան և չէի սպասում, որ իմ աշխատանքի շնորհիվ կհասնեմ այսքան բարձր պաշտոնի։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում ասել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի ոստիկանապետ Ռոբերտ Ուիլյամն՝ անդրադառնալով համակարգում իր 24 տարվա աշխատանքային փորձին։

Նա Գլենդելի պատմության մեջ այս պաշտոնը զբաղեցնող առաջին հայազգի պաշտոնյան է։

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Հայաստանի իրավապահ համակարգերի տարբերություններին՝ Ուիլյամը նշել է, որ Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր բնակավայր ունի տեղական ոստիկանություն։

«Դրանք ենթարկվում են քաղաքապետարանին, իսկ ոստիկանապետի պաշտոնը տվյալ կառույցում ամենաբարձրն է»,- ասել է նա։

Խոսելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ու առկա մարտահրավերների մասին՝ ոստիկանապետը նշել է, որ նորարարություններն արմատապես փոխում են ոստիկանության աշխատանքի ընթացքը։

«Սկսել ենք դրոններ օգտագործել, որոնք դեպքի վայր են հասնում աշխատակիցներից ավելի արագ։ Օպերատորը նախօրոք գնահատում է իրավիճակը և հասկանում՝ արդյոք լրացուցիչ ուժեր անհրաժեշտ են, թե ոչ։ Հանցագործները ևս օգտվում են տեխնոլոգիական նորամուծություններից, և մենք պետք է պատրաստ լինենք համարժեք քայլերի»,-հավելել է Ուիլյամը:

Նրա խոսքով՝ Գլենդելում հանցավորության մակարդակը համեմատաբար ցածր է։

«Դա հիմնականում պայմանավորված է ինչպես իրավապահների հետևողական աշխատանքով, այնպես էլ բնակչության օրինապահությամբ։ Քաղաքի բնակիչների շուրջ 40%-ը հայեր են, որոնք, ինչպես և այլ ազգերի ներկայացուցիչները, հարգում են օրենքը»,-ընդգծել է պաշտոնյան։