Գուրգեն Թութխալյան. Մարզիկը, ով իր մի մասը թողել է հայրենի Գյումրիում

11 Ապրիլի 2024, 23:25

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր սամբիստ, ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Գուրգեն Թութխալյանի ծննդյան օրն է:

Մարզիկը ծնվել է 1963 թվականի ապրիլի 11-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի): Արդեն 13 տարեկանից սկսել է ակտիվորեն զբաղվել ձյուդոյով, իսկ 16 տարեկանում անցել է սամբոյի։

1983թ. հաղթել է երիտասարդների աշխարհի առաջնությունում: 1987-ից եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում, 1990-ին դարձել Է Եվրոպայի չեմպիոն, 1988-1990-ին երեք անգամ եղել է աշխարհի չեմպիոն:

52 կգ քաշ ունեցող համարձակ սամբիստը հմտորեն հաղթահարել է մրցակիցներին և հավասարը չի ունեցել: Թութխալյանը կարծես ստեղծված էր այդ մարզաձևի համար։ Իր կարիերայի գագաթնակետին, երբ 1988-ին Մոնրեալում նրան հռչակեցին չեմպիոն, Գուրգենը հպարտորեն գլուխը բարձրացրած ուրախանում էր նվաճած բարձունքներով, բայց, ցավոք, նրա ուրախությունը կարճատև էր:

Հենց այդ ժամանակ էլ նա իմացավ, որ Սպիտակում ողբերգական երկրաշարժ է տեղի ունեցել, և կորցրել է մորը։ Գուրգենն անմիջապես վերադարձել է հայրենիք՝ մինչև վերջ չգիտակցելով, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

Հարազատների կորստից հետո Թութխալյանը որոշել է տեղափոխվել Մոսկվա։ Նրա երեխաները գնացել են հոր հետքերով և իրենց կյանքը նվիրել սպորտին։ Դուստրը մարմնամարզուհի է, սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն և 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, իսկ որդին՝ ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն: Թեև երկուսն էլ արդեն ավարտել են կարիերան, բայց զբաղվում են մարզչական գործունեությամբ։

2012 թվականից մարզիկը Բելառուսի ձյուդոյի հավաքականի մարզչական շտաբի կազմում է և հանդիսանում է այդ երկրի կանանց հավաքականի ավագ մարզիչը:

Կնոջ հետ միասին նա ուրախանում է իր երեխաների հաղթանակներով։ Հայրենիքի մասին էլ չի մոռանում, հաճախ է լինում Հայաստանում և անպայման այցելում է հայրենի Գյումրի։

Հիմա եթերում