Ինչպես Փայլածո Կապտանյանի շնորհիվ հայկական ուտեստը մտավ ամերիկյան շուկա

20 Հունվարի 2025, 23:10

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունվարի 20-ը Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի, գրող Փայլածո Կապտանյանի ծննդյան օրն է։

Փայլածո Կապտանյանի կյանքի պատմությունը շատերին է հայտնի: 1915-ի ցեղասպանությունից փրկված հայուհին կարողացել է նոր կյանք սկսել ԱՄՆ-ում, որտեղ կրկին վերամիավորվել է ընտանիքի հետ: Նա, ի դեպ, դարձել է վերմիշելով բրնձի ամենահայտնի բաղադրատոմսի հեղինակը:

Մինչև 1915 թվականը Փայլածոյի կյանքի մասին շատ բան հայտնի չէ։ Ծնվել է 1882 թվականին, ստացել գերազանց կրթություն։ Ցեղասպանության ժամանակ ամուսնուն կորցնելուց հետո Փայլածոն իր երկու որդիներին հանձնել է հույն ընտանիքին, իսկ ինքը բռնի տեղահանվել և հազարավոր այլ հայերի հետ քայլելով անցել է սիրիական անապատով։

Նրան հաջողվել է հասնել Հալեպ, որտեղից գաղթել է ԱՄՆ՝ փնտրելու իր երեխաներին։

Այն ամենն, ինչ ապրել է Փայլածոն այդ ողբերգական ժամանակաշրջանում, արտացոլված է նրա օրագրում, որը գրվել է ֆրանսերենով և հրատարակվել 1919 թվականին «Արտաքսվածի հուշերը» վերնագրով։ Այս փաստաթուղթը հիմք է հանդիսացել «ցեղասպանություն» եզրույթի ստեղծող և ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի նախագծի հեղինակ, հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի հետազոտությունների համար։

1920-ական թվականներին, վերամիավորվելով իր որդիների հետ, Փայլածոն հաստատվել է Նյու Յորքում, որտեղ նա աշխատել է որպես դերձակ՝ կար անելով ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի տան համար։

1940-ականներին Կապտանյանների ընտանիքը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ Փայլածոն ծանոթացել է գործարար Դե Դոմենիկոյի՝ «Golden Grain» մակարոնային ընկերության սեփականատիրոջ որդիների հետ։

Արդեն 70 տարեկանում Փայլածոն ոչ միայն կիսվում էր հայկական խոհանոցի բաղադրատոմսերով, այլև նրանց փոխանցում հայկական փլավի յուրահատուկ բաղադրատոմսը, որը հետագայում հիմք դարձավ հանրահայտ «Rice-A-Roni» կիսաֆաբրիկատի համար։
Փայլածոն մահացել է 1968թ-ին։ Նրա արտաքսման օրագիրը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ հայկական փլավի բաղադրատոմսը շարունակում է մնալ ԱՄՆ-ում ամենապահանջվածներից մեկը։ Այսօր «Rice-A-Roni» ապրանքանիշը պատկանում է «PepsiCo»-ի դուստր ձեռնարկություններից մեկին: