ՀԱՕԿ-ը Արցախում ստեղծված աղետի վերաբերյալ գրություն է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտե եւ 100-ից ավելի երկրների ազգային օլիմպիական կոմիտեներ

17 Հուլիսի 2023, 21:14

Քաղաքականություն

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի և տեղի ունեցող ծայրաստիճան վտանգավոր գործընթացների վերաբերյալ պաշտոնական նամակ-գրություններ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի, Եվրոպական օլիմպիական կոմիտեի, Ասիական օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև 100-ից ավելի երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներին:

Գրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Լեռնային Ղարաբաղը 215 օր է՝ գտնվում է շրջափակման մեջ։ 120 հազար խաղաղ բնակիչ կտրված է աշխարհից։ 120 հազար խաղաղ բնակիչ կանգնած է սովի եզրին։ Առկա է դեղորայքի, մանկական սննդի, վառելիքի տոտալ դեֆիցիտ։ Մարդիկ զրկված են բուժվելու, տեղաշարժվելու և շատ այլ իրավունքներից։ 30 հազար երեխա կանգնած է սովի և հյուծման վտանգի առաջ։ Հղի կանայք չեն ստանում անհրաժեշտ կալորիականությամբ սնունդ, վտանգված է դեռևս լույս աշխարհ չեկած երեխաների կյանքն ու առողջությունը։

Այս հրեշավոր շրջափակումը տեղի է ունենում 21-րդ դարում։ Միջազգային բազմաթիվ հեղինակավոր կառույցներ և տերություններ կոչ են արել՝ անհապաղ վերացնել շրջափակումը։ Ձեր ուշադրությունը հրավիրելով ստեղծված վիճակի վրա՝ վստահ եմ, որ համաշխարհային օլիմպիական շարժումը, որի առանցքում արդարությունն ու հումանիզմն են, չի կարող անտարբեր լինել այս իրականության հանդեպ»»։