Հայաստանի ներկայիս իշխանությունն անկարող է լուծել գոյաբանական խնդիրները․ ֆրանսիացի լրագրող

24 Ապրիլի 2026, 18:21

Քաղաքականություն

Այսօր մենք ապրում ենք աննախադեպ քաղաքական ցնցումների և ճգնաժամի ժամանակաշրջանում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացի լրագրող և էսսեների հեղինակ Տիգրան Եգավյանը։Նրա խոսքով՝ սա միայն նեղ իմաստով քաղաքական ճգնաժամ չէ, այլ նաև վստահության խոր ճգնաժամ՝ առաջին հերթին Հայաստանի իշխանությունների և հայկական Սփյուռքի միջև փոխադարձ վստահության պակաս։

«Տպավորություն է ստեղծվում, որ մենք հասել ենք անվերադարձի կետի, որտեղ զարգացման երկու ուղղությունները դժվար համատեղելի են։ Մի կողմից՝ Հայաստանի կառավարության ընտրած ուղին է՝ ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, մյուս կողմից՝ Հայաստանի ընկալումն է որպես բարդ պատմական և քաղաքակրթական ինքնության կրող, որը ներառում է նաև տրանսազգային գոյության փորձը։ Դրա անտեսումն անխուսափելիորեն խորացնում է պետության և Սփյուռքի միջև ճեղքվածքը։ Այս իրավիճակում մենք կանգնած ենք բարդ մարտահրավերի առաջ՝ փիլիսոփայական, քաղաքական և աշխարհաքաղաքական, որը վերաբերում է հենց հայկական ինքնության գոյատևման և ապագայի հարցին։

Ես հաճախ եմ այցելում Հայաստան, այնտեղ շատ հարազատներ ունեմ և հասկանում եմ, որ կա խզում՝ թե՛ գիտելիքի մակարդակում, թե՛ փոխադարձ իրականության ընկալման մեջ։ Սփյուռքը հաճախ բավարար խորությամբ չի պատկերացնում Հայաստանի ներքին գործընթացները, իսկ Հայաստանում սահմանափակ պատկերացում ունեն Սփյուռքի բազմազանության, ռեսուրսների և ներուժի մասին։ Լռությունն ու ապատիան հայկական հասարակության ներկայիս վիճակի ամենաճշգրիտ նկարագրությունն են։ Խոսքը պարզապես պասիվության մասին չէ, այլ խոր սոցիալական համախտանիշի, երբ քաղաքացիների զգալի մասը իրեն չի նույնացնում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության հետ։

Մեծամասնությունը հայտնվում է սպասողական և դիտորդի դիրքում՝ յուրատեսակ «երրորդ դիրքում», որը զրկված է իրական քաղաքական արտահայտությունից։ Այս վիճակն ուղեկցվում է հասարակական քայքայման, կողմնորոշիչների և վստահության կորստի աճող զգացողությամբ։ Արդյունքում՝ ձևավորվում է համակարգային փլուզման վտանգ։

Խնդրի արմատը մեծապես քաղաքական ուժի բացակայությունն է, որը հասարակությանը կարող էր առաջարկել բովանդակային, միավորող և զարգացմանն ուղղված օրակարգ։ Իմաստների վակուումը բևեռացում է ծնում․ հասարակության մի մասը պաշտպանում է գործող իշխանությանը, մյուսը՝ հանդես գալիս դրա դեմ, մինչդեռ մեծամասնությունը մնում է պասիվ։ Այս ամենը բխում է պետականության մշակույթի պակասից, քանի որ Հայաստանը դեռևս լիարժեք ձևավորված պետություն չէ։ Դա ինչ-որ հիբրիդային կառուցվածք է՝ տրանսազգային համակարգով, բայց միևնույն ժամանակ շատ թույլ պետություն, որովհետև ներկայիս հայկական պետությունը չի ներկայանում ամբողջ ազգին իր ամբողջականությամբ, և դա պետությանը դարձնում է չափազանց խոցելի։ Այն մարդիկ, որոնք ղեկավարում են այն, չունեն պետական մտածողություն։ Նրանց մտածողությունը ռեժիմի մտածողություն է, իսկ դա նույնը չէ»,- ասել է լրագրողը։

Եգավյանի խոսքով՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, մասնավորապես՝ Փաշինյանի հետ ասոցացվող քաղաքական գիծը, հիմականում պոպուլիստական բնույթ ունի։

«Խնդիրն այն է նաև, որ հայկական քաղաքական ինստիտուտները բավարար ուժեղ չեն իշխանափոխություններին դիմակայելու համար։ Ամեն անգամ ստեղծվում է «մաքուր էջից» սկսելու իրավիճակ։ Մերժվում է ամբողջ անցյալը։ Փորձում են կառուցել ինչ-որ նոր բան՝ առանց հենարանի, առանց հիմքի։ Արդյունքում առաջանում է արմատազրկվածության զգացում։ Իսկ սա չափազանց վտանգավոր վիճակ է պետության համար։ Եվ երբ Փաշինյանն ասում է՝ «եթե դուք իմ դեմ եք, ուրեմն Հայաստանի դեմ եք», իսկ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն ինձ ասում է՝ «եթե դուք քննադատում եք Փաշինյանին, ապա քննադատում եք Հայաստանը», ես չեմ կարող դա ընդունել։ Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, մասնավորապես՝ Փաշինյանի հետ ասոցացվող ուղին, մեծապես պոպուլիստական բնույթ ունի։ Պոպուլիզմն այս համատեքստում նշանակում է արագ ու հարմար պատասխաններ առաջարկելու ձգտում, որոնք կարող են բավարարել հանրային սպասումները, բայց չեն անդրադառնում խորքային, գոյաբանական հարցերին։ Ռազմավարական խորության և համակարգային վերլուծության բացակայությունը վերածվում է լուրջ խնդրի, հատկապես ներկայիս մարտահրավերների պայմաններում։ Սփյուռքի դերը շատ կարևոր է․ նրա առջև խնդիր է դրված ոչ միայն իմաստավորել նոր պարադիգմը, այլ նաև ակտիվորեն մասնակցել մշակութային, կրթական և ակադեմիական հաստատությունների ամրապնդմանը։ Առանց այս ուղղություններով համակարգային աշխատանքի՝ հայկական աշխարհի հետագա մասնատման վտանգը գնալով ավելի տեսանելի է դառնում»,- նշել է Եգավյանը։