Հայաստանն ու աշխարհը միավորած կոմպոզիտորն ու դիրիժորը․ Սեպուհ Աբգարյան
12 Հունիսի 2026, 22:00
Դիրիժոր, կոմպոզիտոր Սեպուհ Աբգարյանը ծնվել է 1930 թվականի հունիսի 12-ին՝ Նիկոսիայում, ուսուցչի ընտանիքում։ Նրա հայրը,լինելով սասունցի, եղել է զորավար Անդրանիկի մարտիկներից մեկը, իսկ մայրը երգել է Բարսեղ Կանաչյանի ղեկավարած երգչախմբում։
Վաղ հասակից Սեպուհը շրջապատված է եղել երաժշտությամբ և հայկական մշակույթով: Սովորել է Բեյրութի Սուրբ Նշան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչներն էին Էդուարդ Տարոնյանն ու Բարսեղ Կանաչյանը։ Տասներեք տարեկանում ընտանիքը տեղափոխվել է Հալեպ, իսկ հետագայում նա ավարտել է Կիպրոսի «Մելգոնյան» վարժարանը։
Կրթությունը շարունակելով Փարիզում՝ Աբգարյանը ուսանել է անվանի երաժիշտներ Ժորժ Դանդլոյի և Շառլ Քյոքլենի մոտ, ինչպես նաև մասնակցել է Նադիա Բուլանժեի վարպետության դասերին։ Այդ տարիներին նա հանդես է եկել որպես օպերային երգիչ՝ Նիկոսիայում, Աթենքում, Բեյրութում, Հալեպում, Կահիրեում և Փարիզում՝ ցուցադրելով իր ձայնային լայն հնարավորություններն ու բեմական վարպետությունը։
1954 թվականին նա վերադարձել է Կիպրոս, որտեղ «Մելգոնյան» կրթական հաստատությունում դասավանդել է նկարչություն և երաժշտություն, ինչպես նաև ղեկավարել է դպրոցի երգչախումբը։ Միաժամանակ Աբգարյանը Կիպրոսի հեռահաղորդակցության միությունում հիմնել է հայկական ռադիոհաղորդում, որտեղ աշխատել է շուրջ 46 տարի։ Նրա ծրագրերը կարևոր մշակութային կամուրջ էին սփյուռքահայության համար՝ ամրապնդելով ազգային ինքնագիտակցությունն ու հայրենիքի հետ կապը։
Նրա կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի ղեկավարումը։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը ելույթներ է ունեցել Հայաստանում և Սփյուռքի բազմաթիվ կենտրոններում՝ Փարիզից ու Տոկիոյից մինչև Լիբանան և Միացյալ Նահանգներ։ Երգացանկը ներառում էր երգեր, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ, օրատորիաներ ու կանտատներ, որոնցից մեծ մասի հեղինակը հենց Աբգարյանն էր։ Նրա երաժշտությանը բնորոշ էր հայկական ազգային մեղեդիների և եվրոպական ակադեմիական ավանդույթների ներդաշնակ համադրությունը։
Սեպուհ Աբգարյանը ոչ միայն երաժիշտ էր, այլև մանկավարժ, դաստիարակ, մարդ, ով կարողանում էր իր շուրջը համախմբել մարդկանց: Գործընկերներն ու աշակերտները նրան հիշում են որպես հոգատար և բարեհամբույր ուսուցիչ, որն ուներ հումորի նուրբ զգացում և հայոց պատմության խոր իմացություն։
Սեպուհ Աբգարյանը մահացել է 2014 թվականի օգոստոսի 5-ին՝ Նիկոսիայում։ Նա թողել է հարուստ մշակութային ժառանգություն՝ երաժշտական ստեղծագործություններ, ռադիոհաղորդումներ։ Նրա անունը հավերժ կմնա պատմության մեջ՝ որպես հայկական սփյուռքին նվիրված մշակութային գործիչ, Կիպրոսի, Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կապեր ձևավորած անհատ։