«Հայոց պատմությունը» վերածել «Հայաստանի պատմության» կարող է անել միայն հայատյացը. Սերժ Սրապիոնյան

«Հայոց պատմություն» հասկացությունը «Հայաստանի պատմություն» հասկացությամբ փոխարինելու արտաքուստ անմեղ թվացող միտքը իր ներքին ենթաշերտերում պարունակում է շատ վտանգավոր իրողություն: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

««Հայոց պատմություն» հասկացությունը «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու արտաքուստ անմեղ թվացող միտքը, որը շրջանառության մեջ է դրել ԿԳՄՍ կոչվող տխրահռչակ նախարարությունը, իր ներքին ենթաշերտերում պարունակում է շատ վտանգավոր իրողություն: «Հայաստանի պատմությունը» զուտ տարածաշրջանի, տարածքի պատմություն է: Այսօր կարող է լինել Ասորեստանի պատմություն, բայց չի կարող լինել ասորի ժողովրդի պատմություն:

Պատահական չէ, որ մեր պատմագրության սկզբնավորման փուլում գրեթե բոլոր պատմիչները իրենց գործերն անվանել են «Հայոց պատմություն»: Պատմությունը կերտում է ժողովուրդը՝ այնտեղ դնելով իր պատմությունը, ձգտումները, մոտեցումները, և ամենակարևորը՝ իր ինքնությունը: Հենց այս մի փոփոխությունը շատ մեծ վտանգ է մեր ինքնության գիտակցմանը, մեր հիշողություններից քերում են ազգային պատկանելիության մասին գիտակցությունը, ինչը բոլորովին պատահական չէ:

Այս ամենն արվում է հատուկ նպատակով՝ փորձում են մեր ժողովրդին ավելի հեշտ ձևով դարձնել դոնդողանման զանգված, որը չի իմանա իր ծագման մասին, չի հասկանա, թե ինչ դեր է զբաղեցնում համաշխարհային պատմության մեջ: Նույնիսկ խորհրդային տարիներին դպրոցներում հնարավոր մինիմումի էր հասցված սեփական ժողովրդի պատմությունը, բայց էլի գրված էր «Հայ ժողովրդի պատմություն», քանի որ այդ ժողովուրդն ինքն էր իր վարքաբանությամբ, գործունեությամբ, ապրած կյանքով և ստեղծագործ տաղանդով կերտում տվյալ տարածաշրջանի պատմությունը»,- նշել է Սրապիոնյանը:

Գրականագետը վստահ է՝ տարածաշրջանի պատմությունը վերածել զուտ տարածքի պատմության թուրքից բացի կարող է անել միայն ավելի խորքային թուրքը, ամենամեծ թշնամին և հայատյացը:

«Հիմա Հայաստանը բազմաթիվ կենսական խնդիրներ լուծելու մարտահրավերների առաջ է կանգնած, ավելի կարևոր հարց չկա՞ լուծելու, որ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության» փոխելու հարց եք քննարկում: Եթե Հայաստանում պահպանվել են քիչ թե շատ իրենց հայ համարող, ազգային ինքնագիտակցություն ունեցող մարդիկ, ապա բուռն բողոքի ալիք պետք է բարձրացնեն այս խիստ վտանգավոր, թշնամական ծրագրի դեմ և ամեն կերպ խափանեն այս փոփոխությունը: Չի կարող լինել «Հայաստանի գրականության պատմություն», այլ պետք է լինի հայ, ազգային պատկանելիության գրականություն: «Հայոց պատմություն» արտահայտությունը իր մեջ ներառում է և՛ տարածաշրջանի պատմությունը, և՛ ժողովրդի պատմությունը: Այս ծրագրի հեղինակներն ուզում են ժողովրդին իրենց պատմությունից դուրս քշել, սա համոզմունք է, որի հետևանքները կզգանք, եթե չպայքարենք այս փոփոխության դեմ»,- եզրափակել է Սրապիոնյանը: