Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարին զրկել են անձեռնմխելիությունից

28 Սեպտեմբերի 2026, 12:30

Քաղաքականություն

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել վարչապետ Պետեր Մադյարի պատգամավորական անձեռնմխելիության կասեցմանը՝ գողության վերաբերյալ գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։

Քվեարկությանը մասնակցած 139 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել որոշմանը։ «Ֆիդես» և Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները բոյկոտել են նիստը։

Գործը վերաբերում է 2024 թվականի հունիսին Բուդապեշտի ակումբներից մեկում տեղի ունեցած միջադեպին։ Մադյարը վիճաբանել էր այցելուներից մեկի հետ, ով քաղաքական գործչին նկարահանում էր հեռախոսով։ Ըստ գործի՝ Մադյարը վերցրել էր տղամարդու հեռախոսը, դրել գրպանը, իսկ ավելի ուշ նետել Դանուբ գետը։

Այդ ժամանակ Մադյարը Եվրախորհրդարանի պատգամավոր էր, և իրավապահների դիմումից հետո Եվրախորհրդարանը չէր զրկել նրան անձեռնմխելիությունից։

2026 թվականի մայիսին Հունգարիայի խորհրդարանի անդամ դառնալուց հետո երկրի դատախազությունը նախաձեռնել է Մադյարի անձեռնմխելիության կասեցումը՝ հետաքննությունը վերսկսելու նպատակով։

Վարչապետը հայտարարել է, որ դեմ չէ անձեռնմխելիությունից զրկվելուն, քանի որ իրեն անմեղ է համարում։ Միաժամանակ նա գործը որակել է որպես շինծու։