Հրանտ Մաթևոսյան. Մեծագույն արձակագիրը
12 Փետրվարի 2025, 23:52

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Փետրվարի 12-ն հայ մեծանուն գրող, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։ Այսօր նշվում է նրա 90-ամյակը։
Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թվականին Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա ուսումը շարունակել Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։
Այնուհետև ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետ։ Ուսմանը զուգահեռ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու «Գրական թերթ»-ում։
1965-1967 թվականներին Մոսկվայում անցել է բարձրագույն սցենարական դասընթացներ։
Մաթևոսյանի առաջին տպագիր գործը «Տափաստանում» ակնարկն է եղել` 1959 թվականին, բայց առավել հայտնի է դարձել 1961 թվականին` «Ահնիձոր» ակնարկով ։ Մաթևոսյանը նկարագրել է ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը: Նրա հետագա բոլոր աշխատանքները կապված են գյուղի ու գյուղացու հետ։
Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967 թվականին։ Մաթևոսյանը ԽՍՀՄ գրողների միության անդամ է եղել 1964 թվականից։ 1996-2000 թվականներին ղեկավարել է Հայաստանի գրողների միությունը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։
Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են այնպիսի հանրահայտ ֆիլմեր, ինչպիսիք են «Մենք ենք մեր սարերը», «Աշնան արև», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Տերը», «Աղքատի պատիվը»։
Մաթևոսյանը մահացել է 2002 թվականի դեկտեմբերի 19-ին, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
Հայկական և հրեական արմատներ ունեցող ռուս գրող Սերգեյ Դովլաթովը Մաթևոսյանի մասին գրել է.
«Նա ինձ բոլորովին նման չէ, նա իսկական հայ է, խելագարվում է այն ամենից, ինչ կատարվում է հայրենիքում: Նա այնքան ամաչկոտ, անկեղծ, բարի, հրեշտականման մարդ է, որ նրա հետ ընկերանալով, սկսեցի նայել այսպես ասած նրա աչքերով: Երբ կարդում եմ հայաստանյան իրադարձությունների մասին, ես պատկերացնում եմ, թե ինչ է զգում Մաթևոսյանը: Այ այսպես՝ նրա հանդեպ տածած սիրո միջոցով, իմ մեջ ինչ-որ հայկական զգացմունքներ առաջացան…»: